Աշխարհ

06.02.2019 20:54


Էրդողան. «Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով»

Էրդողան. «Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայում հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով: Նշել է, որ Ցիպրասի հետ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր.

«Թուրքիան և Հունաստանը երկրներ են, որոնք գիտեն ահաբեկչության արյունոտ դեմքը: Ծայրաստիճան կարևոր է, որ այս հարցը քննարկվի հարևանության և դաշնակցային իրավունքի համատեքստում: Ստիպված ենք համատեղ վճռական դիրքորոշում ունենալ ցանկացած տեսակի ահաբեկչության դեմ»:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Հունաստանը կարտահանձնի Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթթուլլահական կազմակերպության» (FETÖ), «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK), ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) այն ներկայացուցիչներին, որոնց ապաստան է տվել:

Էրդողանի խոսքով` Թուրքիան Հունաստանից ավելի շատ փոխգործակցություն է ակնկալում:

2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 8 զինվորականի վերաբերյալ Ցիպրասն ասել է, որ Հունաստանի դատարանը հստակ որոշում է կայացրել և պետք է հարգանք ցուցաբերել դատարանի կայացրած որոշումներին:

«Այնպես չէ, որ մեզ դուր է գալիս ընդունել հեղաշրջման մասնակիցներին: Այնուամենայնիվ, հակված ենք ուժեղացնելու մեր համագործակցությունը անվտանգության, ինչպես նաև կազմակերպված հանցագործությունների կանխարգելման հարցում»:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը