Լրահոս

11.02.2019 08:23


Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:

Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:

Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում։
Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության և պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):

Աղբյուրը՝ qahana.am

Այս խորագրի վերջին նյութերը