Քաղաքական

11.02.2019 13:20


«Նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին». Փաշինյան

«Նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին». Փաշինյան

Հայաստանում կան մտայնություններ, որ խորհրդարանական ընտրություններից հետո բոլորը կմոռանան, թե ինչու են հավաքվել ու ամեն ինչ կսկսվի նորից, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդրում եմ նման հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, որ ասում էին՝ մինչև խորհրդարանական ընտրություննները «հեսա բան չմնաց, մի բան կանեն, մի բան կլինի», ուզում եմ ասել՝ մի բան չեն անի, ու ոչ մի բան չի լինի: Միակ բանը, որ կլինի Հայաստանում, կոռուպցիան և կոռուպցիոներին արմատախիլ անելն է: Այս ընթացքում մենք շանս ենք տվել ու տալիս ենք շատերին և գուցե բոլորին, ովքեր չեն օգտվի այդ շանսից փոխվող իրականությանը զուգընթաց, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով համայնքներում եղած խնդիրներին՝ Փաշինյանը նկատեց, որ որոշ վայրերում դեռևս շարունակվում են հին ավանդույթները, երբ, օրինակ, գյուղապետարանի հաստիքացուցակում մի շարք աշխատակցիներ են ընդգրկված,որոնք խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով են հայտնվել աշխատակազմում ու ըստ էության անգամ աշխատանքի չեն գալիս: Փաշինյանն ընդգծեց՝ նման բոլոր արատավոր դրսևրումների դեմ պետք է պայքարել:

«Համայնքների ղեկավարները տարբեր են ու բոլորին չի կարելի մի չափանիշով չափել: Ես ընդամենն այն ավանդույթների մասին եմ խոսում, որոնք կան: Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը և պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը՝ հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու դեպքում: Մեր գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք նրանց աջակցելու համար: Այս գործընթացը պետք է փոխադարձ լինի»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս նշեց՝ ՀՀ-ում կարևոր նոր փուլ է բացվում, և ՀՀ-ն այսուհետ գնալու է առաջ:

«ՀՀ-ն այլևս ճանապարհ չունի դեպի հետ: ՀՀ-ն գնալու է առաջ և շատ մեծ տեմպերով: Բոլոր այն համայնքապետերին, ովքեր ունեն իրենց ընտրողների վստահությունը, հրավիրում եմ մեզ հետ քայլելու և կերտելու ազատ, հզոր և երջանիկ Հայաստան»,- եզրափակեց խոսքը վարչապետ Փաշինյանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը