Լրահոս

15.02.2019 16:22


Հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի Երևանի տրանսպորտային ցանցը

Հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի Երևանի տրանսպորտային ցանցը

Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ 2020թ. Երեւանում 450 միկրոավտոբուս այլեւս շահագործման ենթակա չի լինի։

«Օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործել, եւ մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի Երեւանի տրանսպորտային ցանցը այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երեւանը, այսինքն՝ տրանսպորտային ցանցի մոտ կեսը այլեւս չի կարողանա սպասարկել»,–ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանը ներկայումս փորձում է հրատապ կերպով լուծել այդ խնդիրը։

Նա նշեց, որ նախքան տրանսպորտային ցանցի արդիականացումը, պետք է խնդրին ժամանակավոր լուծում տրվի։

«Այս պահին ծայրահեղ դժվար վիճակում է հայտնվել Երեւան քաղաքը տրանսպորտային ցանցի մասով։ Չէր կարելի ցանցն այս վիճակում գցել, բայց արել են, մենք այսպես ենք ստացել ցանցը եւ պետք է ելքը գտնենք»,–ասաց նա։

Անդրադառնալով Երեւանի տրանսպորտային ցանցի արդիականանցման ծրագրին՝ Մարությանն ասաց, որ միջազգային WYG խորհրդատու ընկերությունը օրերս ավարտել է ծրագրի ուսումնասիրությունը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200-250 մլն դոլար։

«Դա ահռելի մեծ գումար է եւ ես չեմ կարծում, որ Երեւան համայնքը կարող է ինքնուրույն կազմակերպել դա, այստեղ մեզ պետք է լինելու պետության օժանդակությունը»,–ասաց նա՝ նշելով, որ նախքան այդ պետք է ժամանակավոր լուծում գտնել։

«Մենք ասում ենք՝ երկու տարուց ցանցը կլինի, բայց ոչ ոք երկու տարվա համար չի ցանկանում ներդրում անել, տարբեր լուծումներ կան, մեք կգտնենք հարցն ամենաօպտիմալ ճանապարհով լուծելու տարբերակը»,–նշեց քաղաքապետը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը