Կարծիք

21.02.2019 09:24


Հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ

Հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ

ՀԵԾԱՆԻՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՅՍ ԱՆՈՒՐԱԽ ԸՆԹԱՑՔԸ

Անկեղծ, շատ անկեղծ եմ ասում․ ամեն Աստծո օր համակարգչին՝ լրահոսին եմ մոտենում մի ներքին տագնապով․ տեսնես այսօր ի՞նչ «նվեր» է սպասվում մեզ վերևներից։ Դե, Մշակույթի նախարարությունից «ուրախ» լուրերի պակաս չկա։ Եթե տխուր չլիներ, արժեր մի փոքր ուրախանալ այս անուրախ կյանքում․․․

Բայց, շատ-շատերի պես, ես էլ հայրենիքիս տագնապների վրա ուրախացողը չեմ, իսկ հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ, հիասթափեցնող է, անգամ վարդագույն ակնոց դնելու ներքին հրահանգս չի աշխատում, ու չեմ կարող չընդվզել։

Տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք․ մի արժեզրկեք ձեր խոսքի արժեքը, թեև այն արժեզրկելու իրավունքը ձերն է։ Բայց, այ մեր պետական ինստիտուտներն, ուր հայտնվել եք, արժեզրկելու իրավունք մի՞թե ունեք։

Մի՞թե ինքնաիրավչություն չէ, երբ քաղաքական մեծամասնության ղեկավարն ասում է, որ օրակարգում ՀՀ Օրհներգի փոփոխության հարց չկա, ու մեկ էլ նույն խմբակցությունից մի պատգամավոր անհատական նախաձեռնությամբ օրհներգի տեքստի մրցույթ է նախաձեռնում ու մրցութային անձնական աշխատանքային խումբ ձևավորում։ Այսպիսի լիազորություններ որտե՞ղ են ամրագրված, ո՞վ է հաստատել այդ աշխատանքային խումբը և նրան օժտել այդպիսի լիազորություններով։ Ու այստեղ սկսվում է զվարճալին ու զավեշտականը․ հին օրերի ներկայացուցչական կաղապարով այդ աշխատանքային խմբում ընդգրկված արհեստավարժներն իրենց հարց տվե՞լ են՝ ո՞ւմ անունից են հանդես գալիս․ արդյոք Գրողների միությունը, Կոմպոզիտորների միությունը կամ Մայր Աթոռը նրանց լիազորե՞լ են իրենց հաստատությունների անունից հանդես գալ։

Տղաներ և աղջիկներ, պետական խորհրդանշանները պաշտպանված են ՀՀ օրենքով, այդ խորհրդանշանների թիկունքում հայ ժողովրդի դարերի պատմությունը, իղձն ու ուղերձը կա, անլրջության դաշտում դրանք արժեզրկելու և անարգելու իրավունք չունեք, օրենքով չունեք (Քր․ օրենսգիրք․ 331 հոդված)։

Գուցե գործ անեք։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը