Քաղաքական

21.02.2019 16:55


«Արամ Հարությունյանը ՀՀ պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել». Վանեցյան

«Արամ Հարությունյանը ՀՀ պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել». Վանեցյան

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն, ով կոռուպցիոն հանցագործություն կատարելու գործով հետախուզման մեջ է, Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Ազատի Սարգսյանին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ նա օրինական ճանապարհով հատել է ՀՀ պետական սահմանը:

«Այդ ժամանակ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել, այդ իսկ պատճառով ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որևէ լիազորություն չունեի նրա ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք գիտեն, թե որտեղ է Լևոն Սարգսյանը, պարզապես պետք է մեխանիզմներ ունենան նրան հետ բերելու համար: Հարցին՝ կոնկրետ որտեղ է Սարգսյանը՝ Վանեցյանն ասաց, որ արաբական երկրներից մեկում է:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ էր փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լևոն Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը: Առկա է Լևոն Սարգսյանին կալանավորելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը