Մեկնաբանություն

25.02.2019 14:05


Սեֆիլյանի սպառնալիքը և Փաշինյանի անելիքը

Սեֆիլյանի սպառնալիքը և Փաշինյանի անելիքը

Այսօր «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ սպառնալով Նիկոլ Փաշինյանին։

Սեֆիլյանը գրում է, որ համբերության բաժակը լցվել է։ Իսկ լցվել է այդ բաժակը, քանզի «Սասնա ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռևս բանտում են»։

Իր գրառումը Սեֆիլյանը եզրափակում է «Համբերության բաժակը լցվել է, և եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը» ձևակերպմամբ։

Մինչև վերջերս «Սասնա ծռերը» ռիսկ չէին անի նման հայտարարություն անել։ Ճիշտ է, նրանք ոչ հրապարակային խոսքում համարում էին (են) Նիկոլ Փաշինյանին «պատահական հեղափոխական», որը իրենց արածի վրա եկել է իշխանության, և որին ժամանակի ընթացքում պետք է հեռացնել իշխանությունից, սակայն հրապարակավ հավատարմության երդում էին տալիս «ժողովրդի վարչապետին»։

«Սասնա ծռերը» ռիսկ չարեցին Փաշինյանին պատասխանել նախընտրական փուլում, երբ վերջինս կոչ արեց «ապստամբներին» չշշկռվել ու հայտարարեց, որ նրանք կառնեն ասֆալտի համը, եթե շարունակեն երկու տարի անց արտահերթ ընտրություն պահանջել։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո «ծռերը» սսկվեցին ու շտապեցին հայտարարել, որ իրենք հեղափոխության կողքին են։

Հիմա իրավիճակ է փոխվել, և «ծռերը» արդեն իրենց առաջնորդի շուրթերով «հաթաթա» են տալիս Փաշինյանին՝ նրան փաստացի սպառնալով ՊՊԾ գնդի գրավման պես մի բանով, եթե նա չլուծի իրենց ընկերներին ազատելու հարցը։ Ավելին՝ նրանք «ապստամբության իրավունք» են օդում թափահարում՝ մինչ այդ դատարանի դահլիճում «լակոտ» համարելով Փաշինյանի նշանակած ոստիկանապետին։ Այլ կերպ ասած՝ «ծռերը» Փաշինյանի դեմ հաբռգել են։

Իսկ իրավիճակ է փոխվել, ու հաբռգել են «ծռերը» երկու հիմնական պատճառով՝

1. Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես հրաժարվեց «թավշյա» օրերի՝ սիրո և հանդուրժողականության կարգախոսից ու քաղաքական վենդետտաներ չանելու խոստումից։

Ընտրովի արդարադատությունը, պաթոլոգիկ մտասևեռումը և Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացված քաղաքական հետապնդումը Փաշինյանին, այսպես կոչված, ժիրոնդիստական տիրույթից տեղափոխեցին յակոբինյան տիրույթ, որտեղ արդեն նա պարտվում է «Սասնա ծռերին»։ Քանզի եթե դու բացում են «Պանդորայի արկղը», ապա այդ դեպքում գործում են այլ խաղի կանոններ, ու վերջում կարող ես ինքդ հայտնվել «արկղում»՝ է՛լ ավելի արմատական տրամադրված մարդկանց ձեռքերով։ «Սասնա ծռերը», ահա, յակոբինյան տիրույթում են գործում, իսկ Փաշինյանն իր ձեռքերով բացում է այդ տիրույթի դարպասները։

ԱԺ արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ «Սասնա ծռերի» մոտեցումներն ու քայլերը պահանջարկ չեն վայելում մեր հանրության մոտ։ Սակայն Փաշինյանն իր վենդետտաներով ակամայից վերակենդանացնում է «ծռերիզմը» և փոս փորում սեփական քաղաքական կարիերայի համար։

2. Փաշինյանի ներքին ու արտաքին, ինչպես նաև տնտեսական քաղաքականությունը հիմնականում բացասական արդյունքներ է գրանցում, ինչն ազդել է նրա վարկանիշի վրա։ Վարկանիշն այդ գահավիժում է։ Դա արձանագրել են բոլորը, այդ թվում՝ Փաշինյանն ու իր շրջապատը։ Արձանագրել են նաև «ծռերը» և ռիսկովացել քննադատական խոսքում։

Եթե Փաշինյանը հետքայլ չանի ու դուրս չգա «Մարտի 1–ի վարչապետի» կարգավիճակից ու հետ չքաշվի յակոբինյան տիրույթում հայտնվելու որոշումից, ապա լավագույն դեպքում կընկնի հետցարական Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկու օրը։ Բայց մեր մտավախությունն ու դարդը Փաշինյանը չէ։ Փաշինյանն իր սխալ քաղաքականության հետևանքով կարող է վնասել ոչ միայն իրեն, այլ նաև Հայաստանին ու Արցախին։ Այ սա՛ է խնդիրը։

Փաշինյանը դեռևս կարմիր գծերը չի անցել ու ժամանակ ունի շտկվելու՝ միաժամանակ դեմքը փրկելով։ Հետո արդեն ուշ կլինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը