Տնտեսական

27.02.2019 21:34


«Ռուսալ Արմենալ»-ի հարկերը մեկ տարում 37%-ով կրճատվել են

«Ռուսալ Արմենալ»-ի հարկերը մեկ տարում 37%-ով կրճատվել են

2018 թվականին ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների արդյունքում զգալի տուժել է նաև Հայաստանի ալյումինե փայլաթիթեղի արտադրության շուկան։ Օլեգ Դերիպասկային է պատկանում աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալ»-ը, որի կազմի մեջ է մտնում Երևանի «Արմենալ» («Ռուսալ Արմենալ» ՓԲԸ) փայլաթիթեղի գործարանը։ «Արմենալ»-ը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։ Վերջինս նախորդ տարի կրճատել է արտադրության ու արտահանման ծավալները։ Զգալիորեն նվազել են նաև գործարանի վճարած հարկերը։

Վիճակագրական կոմիտե. արտադրությունը կրճատվել է 14.5 %-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 28 359 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 14.5 %-ով նվազել է 2017 թվականի համեմատ։ Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է նաև 164 տոննա ալյումինե գլանվածք՝ եռակի քիչ, քան 2017 թվականին։

Վերջին տարիներին Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին։

Ռուսաստանյան «Ռուսալ»-ի պաշտոնական կայքում այս տարվա փետրվարի 8-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ընկերությունը ամփոփել է 2018 թվականի կորուստները, որտեղ նշված են նաև Երևանի «Արմենալ» գործարանի ցուցանիշները։ Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը («OFAC») «Ռուսալ»-ը ներառել էր SDN (Special Designated Nationals) պատժամիջոցների ցանկում (պատժամիջոցների ցանկում ներառվել էր ոչ միայն «Ռուսալ»-ը, այլև Օլեգ Դերիպասկային պատկանող մյուս ընկերությունները)։ Այնուհետև հաստատվում է, որ 2019 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ-ն չեղարկել է պատժամիջոցները։ Այդպիսով, 2018 թվականի մեծ մասը ընկերությունը գտնվել է պատժամիջոցների ներքո, ինչը բացասաբար է ազդել նրա գործառնական ցուցանիշների վրա։ Հաղորդագրության մեջ «Արմենալ» գործարանի վերաբերյալ նշված է, որ 2017 թվականին արտադրության ծավալները կազմել են 33.7 հազար տոննա, իսկ 2018 թվականին՝ 28.5 հազ. տոննա, անկումը՝ 15.4 %:

Հիշեցնենք, որ «Արմենալ»-ը ստեղծվել է 2000 թվականին «Քանաքեռի ալյումինի գործարանի»-ի հիմքի վրա և հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։ «Արմենալ»-ի գրեթե ամբողջ արտադրանքն արտահանվում է։

Արտահանման քանակը նվազել է 14.6%-ով

Ալյումինե փայլաթիթեղը Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների թվում է։ Մաքսային ծառայության տվյալներով՝ նախորդ տարի արտահանվել է 28 317 տոննա ալյումինե փայլաթիթեղ (Նրբաթիթեղ ալյումինե, <=0.2մմ հաստությամբ (չհաշված հիմքը)), որի ընդհանուր արժեքը կազմել է 92.8 մլն դոլար։ 2017 թվականի համեմատ արտահանման քանակը կրճատվել է 4 839 տոննայով կամ 14.6 %-ով, իսկ արժեքը՝ 8.1 մլն դոլարով կամ 8 %-ով։ Ալյումինե նրբաթիթեղը Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում 2018 թվականի տվյալներով վեցերորդն է։

ԱՄՆ-ն Հայաստանում արտադրվող ալյումինե փայլաթիթեղի սպառման հիմնական շուկաներից մեկն է։ Նախորդ տարվա անկումը, սակայն, ակնհայտ է։ Հայաստանից ԱՄՆ է արտահանվել 7 378 տոննա ալյումինե նրբաթիթեղ, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 24 մլն դոլար։ 2017 թվականին արտահանումը կազմել է 15 562 տոննա՝ 47.2 մլն դոլար արժողությամբ։ Այսինքն՝ արտահանման քանակը կրկնակի նվազել է (2.1 անգամ)։

Ալյումինն առանցքային դեր ունի Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառության կազմում։ Հայաստանից ԱՄՆ արտահանման ուղիղ կեսը 2018 թվականին կազմել է ալյումինե փայլաթիթեղը, նախորդող տարիներին՝ շուրջ 70 %-ը։ Ալյումինի արտահանման ծավալների կրճատմամբ է պայմանավորված Հայաստանից ԱՄՆ արտահանման նվազումը նախորդ տարի։ 2018 թվականին Հայաստանն ԱՄՆ է արտահանել մոտ 47.7 մլն դոլարի ապրանք՝ 2017 թվականի 68.5 մլն դոլարի դիմաց։

Ընդհանուր առմամբ, ըստ քանակի` նախորդ տարի Հայաստանից արտահանված ալյումինե նրբաթիթեղի 26 %-ն է բաժին ընկել ԱՄՆ-ին։ Այս ցուցանիշով Գերմանիան ավելի առաջ է (մասնաբաժինը՝ 43 %)։ Նախորդ տարի Հայաստանը Գերմանիա է արտահանել 12 հազար տոննա ալյումինե նրբաթիթեղ՝ 39.5 մլն դոլարով։

Ընդ որում՝ դեպի ԱՄՆ արտահանման կրճատմանը զուգահեռ «Ռուսալ Արմենալ»-ը կորուստները փորձել է լրացնել դեպի այլ երկրներ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի ծավալների աճով։ Մաքսային տվյալները ցույց են տալիս, որ ավելացել է դեպի Գերմանիա, Նիդերլանդներ և Ֆրանսիա արտահանումը։ Հայաստանից ալյումինե նրբաթիթեղ է արտահանվում նաև Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Ավստրիա, Իտալիա և այլ երկրներ։ Փայլաթիթեղի խոշոր սպառողներ են նաև Չինաստանն ու Հնդկաստանը, սակայն հայկական արտադրության փայլաթիթեղը դեռևս մուտք չի գործել այս շուկաներ։

Գործարանի խոսնակ. «Աշխատակիցներ չեն կրճատվել»

«Արմենալ» գործարանի աշխատակիցների թիվը 670 է։ Այս մասին դեռևս նախորդ տարվա ապրիլին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, նշել է գործարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը։ Այս թիվն է նշված նաև «Ռուսալ»-ի պաշտոնական կայքում։ Օրեր առաջ ևս հարցում ենք ուղարկել Ալեքսանդր Մելքումյանին՝ հարցնելով, թե 2018 թվականին ստեղծված իրավիճակն ազդե՞լ է «Ռուսալ Արմենալ»-ի աշխատակիցների ու վարձատրության վրա։ Մամուլի քարտուղարի պատասխանում նշված է, որ գործարանի աշխատակիցների թիվը չի կրճատվել։ ««Արմենալ»-ի աշխատողների թիվը չի փոխվել և աշխատակիցների կրճատում տեղի չի ունեցել: Աշխատավարձի միջին ամսական չափը պահպանվել է»,- նշել է Ա. Մելքումյանը։

«Ռուսալ Արմենալ»-ի հարկերը 37 %-ով նվազել են

«Ռուսալ Արմենալ» ընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է, որի վճարած հարկերի ծավալը, սակայն, նախորդ տարի զգալիորեն կրճատվել է։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2018 թվականին «Ռուսալ Արմենալ»-ը պետական բյուջե է վճարել շուրջ 1 մլրդ 498 մլն դրամի հարկեր և հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 112-րդ տեղը։ 2017 թվականի համեմատ ընկերության հարկերը կրճատվել են 865 մլն դրամով կամ մոտ 37 %-ով։ 2017-ին «Ռուսալ Արմենալ»-ը խոշոր հարկատուների ցանկում 60-րդն էր։

«Ռուսալ Արմենալ»-ի նախորդ տարվա հարկերի ծավալը ամենացածրն է վերջին հինգ տարիների կտրվածքով։

Մանրամասները՝ Հետք-ում։

Այս խորագրի վերջին նյութերը