Կարծիք

28.02.2019 14:49


Բացե՛ք դռները, հեղափոխությունն է անշնորհք ներխուժում

Բացե՛ք դռները, հեղափոխությունն է անշնորհք ներխուժում

Այսօր շատ քիչ հաստատություններ են մնացել, որտեղ իշխող կուսակցությունը չի ներխուժել և ծովահրեշի նման իր հետիշխանափոխական՝ «թավշյա» թելադրանքը չի տարածել։ Այդ հաստատություններից մեկն էլ ԵՊՀ-ն է, որտեղ ուսումնառել եմ ես, ու որի թերությունների մասին բարձրաձայնելու, օրինակ՝ սփյուռքահայ ուսանողներից համատարած կաշառք վերցնելու մասին մամուլում հրապարակված հոդվածիս համար բակալավրիատի վերջին կուրսում քիչ էր մնում՝ ինձ հեռացնեին համալսարանից։

Բայց ինչպես այն ժամանակ էի պնդում, որ իշխանությունն իրավունք չունի քիթն անգամ մտցնել պետհամալսարան և այն օգտագործել իր ճղճիմ քաղաքական նպատակների համար, նույնպես հիմա եմ ասում՝ ձեռքներդ հեռո՛ւ մայր բուհից, հանգի՛ստ նստեք տեղներդ կամ վե՛ր կացեք ու քայլե՛ք հեռու։

Հիշում եք, որ Գյումրիից Երևան գալուց մինչև Ազատության հրապարակ հասնելը քայլարածներն անցան նաև ԵՊՀ-ի կողքով ու շնորհքով ներխուժելով՝ հասան ռեկտորի դռան մոտ՝ հայտարարելով, թե իրենք ազատագրում են համալսարանը ստրկությունից ու կուսակցականացումից։ Հիմա իրենք են բազմել մերժվածների աթոռներին, ու իրենք են նախկինների նման քաղաքական խաղեր փորձում տալ մայր բուհում ու այնտեղ ևս հաստատել իրենց միանձնյա դիկտատուրան։ Ինչպես կասեր դասականը՝ թան էլ չէ, փռթած մածուն։

Քննադատությունը դրական և նույնիսկ անհրաժեշտ բան է, բայց եթե այն առողջ է և առանց քաղաքական ու անձնական վենդետտաների ենթատեքստի։ Իսկ այն գործելաոճը, որը մերժելի էր նախկինում, չի կարող այսօր ընդունելի լինել, ինչքան էլ որ անունը դրվի թավշյա և ոչ բռնի։ Գծեր կան, որոնք հատել չի կարելի։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը