Քաղաքական

01.03.2019 16:12


«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը». ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը». ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ամփոփել են փետրվարին տարածաշրջան կատարած այցը, որի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների արտգործնախարարների հետ:

Համանախագահների տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումների շրջանակում քննարկվել են մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ հանդիպման շրջանակում հավանական քննարկվելիք թեմաները:

«Տարածաշրջանային այցի ժամանակ երկրների ղեկավարները համանախագահներին զեկուցել են հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում իրենց զրույցի մասին: Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են իրավիճակն ու հաջորդիվ քայլերի վերաբերյալ իրենց սպասումները: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: Ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ապագայում նրանց հովանու ներքո հանդիպելու առաջարկը»,-նշվում է հաղորդագրությունում:

Հայտնի է, որ տարածաշրջանային այցից հետո համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մեկնել են Վիեննա և Բրատիսլավա, որպեսզի այցի արդյունքների մասին զեկուցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը