Մեկնաբանություն

10.03.2019 17:32


«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Հանրահավաքային էքստազի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում իր օրոք կոռուպցիան վերացել է։ Հետո նա այդ միտքը պարբերաբար կրկնեց։ Ու որքան շատ էր խոսում այն մասին, որ կոռուպցիա չկա, այնքան ավելի շատ էին կոռուպցիոն ռիսկեր պարունակող պատմությունների մեջ ընկնում ինքը, իր հարազատները, մերձավորներն ու «հեղափոխական» ընկերները։

Վերջին դեպքերից մեկը կապված է «թունդ հեղափոխական» Դավիթ Սանասարյանի հետ։ Մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքում մի քանի հոգանոց կառույց չէր ղեկավարել, բայց նշանակվեց կարևորագույն պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, և ով իր գլխավոր արժանիքն էր համարում աղքատ լինելը։

Սանասարյանի «կանտոռան» հիմա հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ։ ԱԱԾ–ն այդ գործի շրջանակներում 3 մարդ է ձերբակալել, որոնցից երկուսը ՊՎԾ–ի աշխատակից։ Ըստ նյութերի՝ նորաթուխ չինովնիկները որոշել են հարձակվել մասնավոր բիզնեսի վրա ու իրենց գլխում հաղթահարել կապիտալի սկզբնական կուտակման ծանր շրջանը։

Խոսվում էր այն մասին, որ ձերբակալվելու է նաև Սանասարյանը, բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, թույլ չի տվել նման բան, քանզի խայտառակություն կլիներ անձամբ իր համար՝ «թավշյա» օրերի դիջեյներից մեկի՝ Սանասարյան Դավիթի ձերբակալումը։ Արդյունքում՝ որոշվեց «շուխուռը» մարել՝ ընդամենը 3 հոգու ձերբակալելով։

Ուշագրավն այն է, որ անմեղության կանխավարկածն ամեն առիթով խախտող նիկոլական իշխանության կարկառուն ներկայացուցիչը, ով, այսպես կոչված, «սորոսական» թևն է ներկայացնում, կոչ էր անում ԱԱԾ–ին շատ տեղեկություններ դուրս չտալ այդ գործով։

Փաստորեն, իրենց կարելի է քարոզչական դաշտում ուրիշներին վարկաբեկել՝ առանց դատավճռի ու հիմքերի, իսկ ահա իրենց դեմ նույնիսկ կոնկրետ հիմքերի առկայությամբ չի կարելի։

Ի դեպ, սա այն Սանասարյանն է, որը նախորդ տարվա ապրիլին փողոցային ակցիաներ էր իրականացնում ու փող հավաքում Սերժ Սարգսյանի համար։ Հիմա, փաստորեն, Սանասարյանը շարունակում է փող հավաքելու գործը, բայց արդեն իր համար ու արդեն այլ մասշտաբների։

Ու թեև Սանասարյանը հայտարարում է, որ գերեզմանոցում էլ լինի, միևնույն է կոռուպցիայի դեմ կռիվ է տալու, բայց դա դատարկ պաթոս է։ Նման նախադասություններ օգտագործողները, որպես կանոն, ամենաթալանչի ու կոռուպցիոներ դեմքերն են լինում։

Հայտնի խոսք կա։ Ասում են՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Զարգացնելով այդ միտքը՝ կարող ենք ասել, որ «հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։

Թե ինչով կավարտվի ՊՎԾ աշխատակիցների դեմ ԱԱԾ–ի հարուցած գործը, դժվար է կանխատեսել, բայց մեկ այլ բան շատ հեշտ է կանխատեսելը։ Եթե փողոցներում կոպեկ հավաքող Սանասարյանի «կանտոռան» այսպես շարունակի, ապա կարող է մի օր այնպես ստացվել, որ կրկին փողոցում փող հավաքելու կարիք լինի, բայց արդեն այլ կարգավիճակով, այլ հոգեվիճակով ու այլ նպատակների համար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը