Տնտեսական

13.03.2019 21:55


Անհատ տաքսու վարորդների ամսական 8-12 հազար վճարները դեռ չեն վերացվել. վարչապետը խոստումը չի կատարել

Անհատ տաքսու վարորդների ամսական 8-12 հազար վճարները դեռ չեն վերացվել. վարչապետը խոստումը չի կատարել

Անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից. սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ մեկ անգամ արված հայտարարություն է։ Փաշինյանը նման խոստում է տվել հեղափոխության օրերին, վարչապետի թեկնածու եղած ժամանակ, ինչպես նաև 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում, երբ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար էր, իսկ երկիրը պատրաստվում էր արտախորհրդարանական ընտրությունների։

Tert.am-ը փորձել է պարզել՝ արդյոք վարչապետը, որը գրեթե մեկ տարի է իշխանության է, կատարե՞լ է իր խոստումը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ուղղված մեր հարցմանը, թե արդյոք անհատ տաքսիստներն օրենքով ազատված են 8-ից 12 հազար դրամ վճարելուց, մեզ պատասխանել են, որ գործընթացը դեռևս շարունակվում է գործող օրենքով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը դեռևս չի փոփոխվել։

Նշենք, որ գործող օրենքով Երևանում լիցենզավորված տաքսիստներն ամսական վճարում են 12 000, մարզերում` 8000 դրամ:

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործընթացը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ «Տրանսպորտի բնագավառ»-ի 15.5-րդ և 15.6-րդ կետերով մարդատար- տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար սահմանված են պետական տուրքի դրույքաչափեր»,-ասված է Tert.am-ին տրված պատասխանում։

Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակվել էր մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործընթացը կանոնակարգող օրենսդրական փաթեթ, որը ներկայումս լրամշակվում է: Օրենսդրական փաթեթի նոր նախագիծը հանրային քննարկման կներկայացվի e-draft.am կայքում:

Սակայն պետք է նկատել, որ դեռևս 2018 թ-ի նոյեմբերին Կառավարությունն այս ոլորտի հետ կապված փոփոխություններ էր նախատեսել, ըստ որի՝ նախատեսվում էր 10-20 անգամ նվազեցնել տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի տարեկան տուրքի չափը. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Լիցենզավորման մասին» և այլ օրենքներում փոփոխություններ էր մշակվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Բայց այս փոփոխությունների փաթեթում ՀՀ տարածքում անհատ տաքսու վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելու մասին ոչինչ չկար։

Հավելենք, որ այս տարվա մարտի 7-ին կայացած կառավարության ծրագրում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց մի շարք օրենսդրական փոփոխություններ, իսկ փաթեթի մեջ ներառված է նաև ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը։ Նշվում է առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում պետական տուրքի վճարումը մեծ բեռ է դառնում այս շրջանակի անձանց համար: Թե ինչ ճակատագրի կարժանանան այս օրենքի նախագիծը, դեռևս անհայտ է։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը