Աշխարհ

15.03.2019 21:59


Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը

Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել։

Մարտի 14-ին կայացած դատական նիստում Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը որոշել է երկու մեղադրյալի՝ Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին աշխատակից Մուհարրեմ Դեմիքալեի և լրագրող Էրջան Գյունի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող կալանավորումը փոխարինել երկրից դուրս գալու արգելքով։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը դատարանի այդ վճռի դեմ բողոք է ներկայացրել։ Այժմ ակնկալվում է, որ դատարանը կքննի և որոշում կկայացնի այդ բողոքի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Դինքի գործով մեղադրյալներ Դեմիրքալեն ու Գյունը մեղադրվում են նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական կազմավորման (FETÖ) վերաբերյալ ընթացող այլ դատավարությունների շրջանակներում, ուստի անկախ Ստամբուլի 14-րդ դատարանի վերոհիշյալ վճռից, նրանք բանտից դուրս գալ չեն կարող։

Հավելենք, որ 2007-ի հունվարի 19-ին սպանված անվանի պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով, ընդհանուր առմամբ, 85 մեղադրյալ կա, որից 14-ը փախուստի մեջ է։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը