Քաղաքական

15.03.2019 18:55


ՌԴ-ն կհարգի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու կողմերի որոշումը. Մարիա Զախարովա

ՌԴ-ն կհարգի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու կողմերի որոշումը. Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ խոսել է բանակցային ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության դեպքում: Եթե նրանք որևէ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք կհարգենք այն: Դա ոչ միայն մեր, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումն է: Ես նաև խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել մարտի 9-ին արված համանախագահների հայտարարության վրա, որտեղ բավական հստակ ներկայացված են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումներն այդ հարցի հետ կապված»,-ասաց Զախարովան:

Աղբյուրը՝ 168.am

***

Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստակամ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին կայանալիք ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանը, կողմերի ցանկության դեպքում, նման հարթակ կտրամադրի:

«Երբ կողմերը տարբեր հարցերով դիմում են ՌԴ-ին՝ նման հարթակ ստանալու համար, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ դիմումները»,- նշել է Զախարովան:

Այս խորագրի վերջին նյութերը