Մեկնաբանություն

18.03.2019 12:00


Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Հայաստանն այլընտրանք չունի, քան հավասարակշռված (փոխլրացնող) արտաքին քաղաքականություն վարելը։ Դա նշանակում է, որ համաշխարհային ուժային կենտրոնների հետ պետք է պահել այնպիսի հարաբերություններ, որոնց արդյունքում մեր կապերը դրական դինամիկա արձանագրեն, և գերտերությունների շահերը համադրվեն Հայաստանում, այլ ոչ թե մեր երկիրը դառնա հզորների մրցակցության ու շահերի բախման թատերաբեմ։

ՌԴ–ի հետ ռազմավարական հարաբերությունները և Արևմուտքի հետ գործընկերային բարձր մակարդակը միայն հնարավորություն կտան մեր երկրին զերծ մնալ բախման կիզակետ դառնալու անցանկալի սցենարից։

Հայաստանի անկախությունից հետո, որպես կանոն, հաջողվել է հավասարակշռված քաղաքականություն վարել ու փոխլրացնող կուրս որդեգրել։ 28 տարվա ընթացքում եղել են նաև ձախողումներ և բացթողումներ, որոնց համար մենք գին ենք վճարել։ Երբեմն թանկ գին ենք վճարել, իսկ երբեմն էլ գլուխներս պրծացրել ենք թեթև վախով։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մեր արտաքին քաղաքականությունը վարվում է ոչ թե «և՛, և՛»–ի, այլ «ո՛չ, ո՛չ»–ի տարբերակով, այսինքն՝ մենք հավասարապես վատացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի ու Արևմուտքի հետ՝ երկուսից էլ հարվածներ ստանալով։

Պաշտոնական Երևանը սխալը սխալի հետևից է անում և ամեն անգամ փորձում է մի կենտրոնի հանդեպ սխալն ուղղել՝ մյուս կենտրոնի դեմ ինչ–որ բան անելով։ Արդյունքում՝ «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունն է՛լ ավելի է վատացնում Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում, ինչի հետևանքով էլ հարվածներ են հասցվում մեր անվտանգությանը։ Այդ հարվածներն առայժմ դիվանագիտական հարթության մեջ են, բայց դրանից հետո ավելի կոշտ և ուղիղ հարվածներ ստանալուն կմնա ընդամենը մեկ քայլ։ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, այդպես չի ուզում, բայց այդպես է ստացվում։

«Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։ Պարզ է, որ դրանից հետո միայն հարվածներ է պետք սպասել։ Ընդ որում՝ բոլոր կողմերից։

Վերջին հարվածն, օրինակ, եկավ ԱՄՆ–ից։

Օրերս հրապարակված ԱՄՆ պետական քարտուղարության զեկույցը բավական կոշտ էր ու անցանկալի։

«Անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները» (զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Սա ակնհայտորեն պատասխանն էր Փաշինյանի՝ Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններին չմասնակցելու, Սիրիա զորք ուղարկելու, Բոլթոնի պլանից հրաժարվելու քայլերին։

Բայց ո՞վ էր խնդրել Փաշինյանին անել քայլեր, որոնց հետևանքները հաղթահարելու համար նա ստիպված ընկել է մյուս ծայրահեղության մեջ։ Սկզբում վնասել ՀԱՊԿ–ին, հայ–ռուսական հարաբերություններին, գրգռել ՌԴ–ին՝ Բոլթոնի պլանի մեջ մխրճվելով, հետո հետ քաշվել ու սկսել կռիվ տալ Արևմուտքի դեմ։ Սա՛ է Փաշինյանի պատկերացրած հավասարակշռությունը, որն իրականում ազատ անկում է նշանակում։

Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Հայաստանը պատեպատ տալը չէ։ Ոչ էլ հավասարապես բոլորի հետ հարաբերություններ վատացնելը։ Դա, ի վերջո, կանդրադառնա շփման գծի, Արցախի ու ողջ երկրի վրա։ Եվ արդեն անդրադառնում է։ Պարզապես դեռ բոլորը չեն նկատում դա, քանզի էժանագին պոեզիան ու տարատեսակ շոուները տեղեկատվական աղմուկ են ապահովում։ Այդ աղմուկի մեջ խեղդվում է բուն թեման, բայց դա երկար չի կարող շարունակվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը