Կարծիք

18.03.2019 15:40


Լճացումը ծնեց այս իշխանությունը

Լճացումը ծնեց այս իշխանությունը

Անցած տարվա ապրիլ-մայիսյան բուռն իրադարձություններից եւ փոփոխություններից դեռ մեկ տարի էլ չի անցել, բայց շատ-շատերն արդեն մոռացել են, թե ինչու տեղի ունեցավ այդ ամենը: Ընդ որում, մոռացել են թե՛ նախկինում իշխանության ներկայացուցիչները, թե՛ ներկա կառավարիչները:

Ինչպես հեռավոր 1917-ին կային շատ լուրջ պատճառներ հեղափոխության համար, այնպես էլ մի քանի ամիս առաջ առկա էին բոլոր հիմքերն արմատական փոփոխությունների համար:

Մինչապրիլյան իշխանություններն էլ էին վստահ, որ իրենք կատարյալ են, ճիշտ, որ ցանկացած հարց միշտ իրենց լուծումն է ստանալու Մելիք-Ադամյանում, այնպես էլ նորօրյա իշխանություններն են վստահ, որ իրենց մորաքրոջ հարսն անպայման պետք է դպրոցում կամ մանկապարտեզում լավ գործի լինի, որ իրենք անսխալական են, որ ով իրենց չի գովերգում հակապետական է, ծառայում է կասկածելի ուժերի, իսկ ահա իրենք անում են այն ամենն, ինչ պետք է, անհրաժեշտ եւ կարեւոր:

Նորօրյա իշխանություններն արդեն մոռացել են, որ ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ մերժեցին հինը հենց վերոհիշյալ պատճառներով: Նրանք այսօր սկսել են մտածել, թե ժողովուրդը փողոց էր դուրս եկել, որ իրենք գան իշխանության եւ երկիրը բաժանեն սեւի եւ սպիտակի, ծախվածների եւ սրբերի:

Փաստորեն նախկին իշխանությունների դառը փորձը, ոչ վաղ անցյալի փորձը դաս չեղավ: Փաստորեն մոռացան, որ ժողովուրդը դժգոհ էր համատարած անարդարությունից, մենաշնորհներից, հեռուստաէկրաններից անդադար իրենց դասեր տվող մեծամիտ դեմքերից, աղքատությունից, իրավապահ համակարգի կամայականություններից ...

Որքան էլ լավ տեխնոլոգներ աշխատեն, որքան էլ շատ գումարներ դրվեն, եթե հեղափոխությունը հիմքեր, պատճառներ չունենա այն անել, իրականացնել հնարավոր չէ:

Ժողովուրդը դուրս է գալիս փողոց հոգնելով անդադար անարդարությունից, կեղեքումից եւ հարստահարումից: Ժողովուրդը դուրս է գալիս փողոց, երբ տնտեսությունը, այդ թվում արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը փլուզվում են, երբ կքվում են վարկերի տակ, երբ գներն աճում են, իսկ եկամուտները՝ նվազում կամ լավագույն դեպքում մնում նույնը:

Ժողովուրդը փողոց է դուրս գալիս, երբ սոցիալ-տնտեսական բարեփոխումները ուշանում են, իսկ խոստումները լինում շարունակական եւ դատարկ: Չմոռանանք, որ հեղափոխությունը պատասխանատվության դեֆիցիտի կամ դրա բացակայության հետեւանք է:

Հեղափոխությունը բացի փոփոխություններից բերում է ցնցումներ, բերում աղքատություն, բերում նոր խնդիրներ, որոնցից շատերի հետ մենք բախվում ենք արդեն այսօր եւ բախվելու ենք նաեւ վաղը, բայց դա նաեւ չի նշանակում, որ երբ քննադատում կամ դժգոհում ենք նոր իշխանություններից, արդարացնում եւ պաշտպանում ենք հին իշխանություններին եւ նրանց գործողությունները:

Ներկա իշխանություններին ծնեցին հենց լճացած, իրենց շուրջը խնդիրներ չտեսնող, մեծամտացած եւ վաղուց ցինիկացած իշխանությունները:

Հիմա պետք է դասեր քաղենք մեր ոչ վաղ անցյալի եւ անցյալի սխալներից: Ի վերջո, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, հիշեցնենք, որ բոլշեւիկներն այլ բան էին ուզում, բայց ստացվեց բոլորովին այլ բան:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը