Լրահոս

20.03.2019 16:41


Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում և Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ են կատարվել

Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում և Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ են կատարվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հուլիս ընկած ժամանակահատվածում դպրոցում որպես էլեկտրիկ-փականակագործ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը:

Եվ չնայած վերջինս աշխատանքի չի հաճախել, պարբերաբար բացակայել է ՀՀ-ից, տնօրենի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով նրան նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր շուրջ 3.529.368 ՀՀ դրամ գումար:

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում, որպես անէզթեզիոլոգ և մանկաբարձ գինեկոլոգ, հրամանագրել է երկու անձանց, որոնցից մեկը 2010-2014թթ., իսկ մուսը 2013-2017թթ. ընթացքում հանդիսանալով կենտրոնի աշխատակիցներ, աշխատանքի չեն ներկայացել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անվամբ 2013թ.-ից դուրս է գրվել և փոխանցվել ընդհանուր 2.565.790 ՀՀ դրամ աշխատավարձ:

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կենտրոնի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձների՝ ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում փոխարինողներ են նշանակվել ծնարանի 4 մանկաբարձներ: Վերջիններս, որպես փոխարինողներ, երբևէ աշխատանքի չեն ներկայացել, սակայն 2016-2017 թթ. դրա համար ստացել են աշխատավարձ, որն ընդհանուր կազմել է 518.001 ՀՀ դրամ: Այդպիսով ընդհանուր առմամբ առերևույթ տեղի է ունեցել կենտրոնի միջոցներից ընդհանուր 3.083.791 ՀՀ դրամի չափով վատնում:

Բացի այդ, նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կոնտրոնի աշխատակիցներից մեկը 2006-2016թթ. ընկած ժամանակահատվածում իր աշխատավարձի 10-30 տոկոսը՝ մոտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, կենտրոնի հաշվապահի միջոցով և տնօրենի պահանջով տվել է վերջինիս՝ վերադասի կողմից ստուգումներ չկատարելու պատճառաբանությամբ:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցվոր արարքների հատկանիշներ և և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:

«Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Այս խորագրի վերջին նյութերը