Կարծիք

21.03.2019 11:25


Անազատ հասարակություններում մարդիկ պարտադիր կերպով դեգրադացվում են

Անազատ հասարակություններում մարդիկ պարտադիր կերպով դեգրադացվում են

Մարդը ինչ միջավայրում որ ծնվում ու մեծանում է, այդ միջավայրի մշակույթի կրողն է դառնում: Մարդկանց գենոմը, կախված իրենց միջավայրի մշակութային առանձնահատկությունների փոփոխություններից, մի քանի սերնդի կտրվածքով վերակոդավորվում է, որի արդյունքում փոխվում է նրանց ֆենոտիպն ու, որպես հետևանք, նաև մենթալիտետը:

Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ եմ ուզում ասել, բերեմ մի օրինակ. բազմաթիվ սոցիոլոգներ նկատել են, որ անազատ հասարակություններում ապրող մարդիկ պատասխանատվության ավելի ցածր զգացողություն ունեն, քան ավելի ազատ հասարակություններում ապրողները. դա բացատրվում է նրանով, որ անազատ հասարակություններում մարդկանց մեծ մասի փոխարեն իրենց վերաբերվող հարցերի առնչությամբ որոշումները կայացնում են մեծ արտոնություններով օժտված մի փոքր խումբ կազմող իշխանավորները, իսկ ահա ազատ հասարակություններում մարդիկ իրենք են որոշումներ կայացնում իրենց վերաբերվող հարցերի հետ կապված, ու երբ մարդն ինքն է ինչ-որ որոշում կայացնում, ինքն էլ պատասխանատու է դառնում դրանից բխող հետևանքների համար:

Բայց այստեղ պիտի պարզենք՝ ձուն էր սկզբի՞ց, թե՞ հավը. այսինքն, ազատ հասարակությունները ստեղծվեցին այնտեղ, որտեղ սոցիալական պատասխանատվության բարձր աստիճան ունեցողները մեծամասնությո՞ւն էին, թե՞ այդ մեծամասնությունը հետևանք է այդ հասարակությունների ժամանակին ազատականացմանը (կարևոր չէ, թե ինչպես է դա արվել):

Կոնկրետ մեր ժողովրդի օրինակը հուշում է, որ ճիշտ է երկրորդ տարբերակը, որովհետև մեր նախնիները քաղաքակրթական այլ մոդելի կրողն են եղել հեռավոր անցյալում (նստակյաց հողագործների ու ինտենսիվ անասնապահների մշակույթ, որի վրա հետագայում կառուցվեց հասարակության լիբերալ մոդելը), իսկ հիմա այլ մոդելի կրող են (անազատ հետադիմական, որը հետևանք է անցյալում քոչվոր էքստենսիվ անասնապահությամբ զբաղվողների մշակույթի):

Բանն այն է, որ մի քանի սերունդ անընդհատ անազատության մեջ ապրելով՝ մարդկանց գենոմը վերակոդավորվում է` հանգեցնելով օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխությունների, կոնկրետ ուղեղի գորշ զանգվածի ծավալի փոքրացման, որը պատասխանատու է մարդկանց մոտ իր նմանների հանդեպ կարեկցանքի մասով նաև: Այսինքն, այդ մարդկանց մոտ սոցիալական պատասխանատվության աստիճանը ցածրանում է, նրանք դառնում են ավելի ու ավելի մորթապաշտ ու եսամոլ, իսկ այդպիսիք հակասոցիալական են ու հակված են հանցագործություններ գործելուն:

Մարդը կյանքի ընթացքում պիտի հարմոնիկ կերպով անցնի տարիքային բոլոր աստիճանները` մանկությունից մինչև խոր ծերություն: Ամեն մի տարիքային աստիճան կամ ցիկլ իրեն համապատասխան սոցիալական դիրքն ունի, որին չհասնելու դեպքում (իսկ անազատության մեջ տարիքային ցիկլերին համապատասխան սոցիալական դիրքերը ապահովելը անհնար է) մարդու ներաշխարհը խռովվում է, որն էլ հանգեցնում է բազմաթիվ առողջական խնդիրների, ինչպես նաև սոցիումի հետ փոխհարաբերվելու պրոբլեմների, և որի արդյունքում, մի քանի սերունդ հետո, այդ մարդու հետնորդները` ադապտացվելով անազատությանը, դեգրադացվում են մենթալ առումով ու նաև ֆիզիոլոգիապես:

Երբ մարդը դեռ մանուկ է, չի կրում ոչ մի պատասխանատվություն. նրա համար ու նրա փոխարեն մեծահասակներն են պատասխանատու, նրան միայն սեր ու հոգատարություն է հարկավոր: Պատանեկության շրջանում մարդն ունի արդեն որոշ չափով ձևավորված ինքնություն, հետևաբար պիտի ունենա նաև պատասխանատվության զգացողություն, բայց ամբողջովին կայացած ինքնություն ունենում են միայն հասուն մարդիկ, որոնք էլ արդեն լրիվությամբ պատասխանատու են իրենց, իրենց հարազատների, իրենց սոցիումի ու վերջապես ամբողջ մարդկության համար: Բայց պատասխանատվություն կրելու համար մարդուն իրավունքներ են անհրաժեշտ:

Ընդհանրապես, եթե մարդը պատասխանատու է այս ու այն բաների համար, բայց չունի համապատասխան իրավունքներ, ուրեմն այդ մարդը իրավազուրկ է ու բռնության ենթակա է, իսկ եթե մարդն օժտված է իրավունքներով, բայց չի կրում պատասխանատվություն, ուրեմն նա արտոնյալ է ու պարտադիր կերպով ոտնահարում է մյուսների իրավունքները: Կարճ ասած, հասուն մարդը պիտի ունենա իր պատասխանատվությանը համարժեք սոցիալական դիրք, այսինքն՝ արժանապատիվ աշխատանք, սեփականություն և ընդհանրապես հասանելիություն ռեսուրսներին, որոնց հասնելու համար նա հասարակական ու քաղաքական պրոցեսների լիարժեք մասնակիցը լինելու իրավունքը պիտի ունենա:

Անազատ հասարակություններում մարդիկ լավագույն դեպքում պատասխանատվություն կարող են կրել սեփական անձի ու ամենամոտիկ հարազատների (ընտանիք) նկատմամբ, իսկ ազատ հասարակություններում մարդիկ պատասխանատու են նաև սեփական սոցիումի նկատմամբ, ու քանի դեռ պատասխանատվությունը մարդկանց մոտ չի բարձրացվել գոնե այդ նշաձողի մակարդակին (պատասխանատվությունը ամբողջ մարդկության նկատմամբ թողնենք էլիտային), ուրեմն մարդու պատասխանատվությունը նույնիսկ սեփական անձի ու ընտանիքի նկատմամբ թերի է լինելու:

Այսինքն, որպես հետևություն, կարող ենք եզրակացնել, որ ոչ բոլոր հասարակություններն են առաջընթաց զարգացում ապրում, որ գոյություն ունի կարմիր գիծ, որը հատելու դեպքում հասարակությունը սկսում է անկում ապրել ու դեգրադացվել, ու այդ կարմիր գիծը մարդկանց՝ սեփական սոցիումի նկատմամբ պատասխանատվություն կրելու հանգամանքն է, որը կարող է իրողություն դառնալ միայն այն դեպքում, երբ նրանց իսկապես իրավունք է տրվում անմիջապես ազդել այդ սոցիումի ներսում ընթացող պրոցեսների վրա, այլ ոչ թե վտարել նրանց այդ «տարածքից»` ասելով, որ իրենք միայն պարտավոր են, իսկ իրավունքների մասին թող շատ չխոսեն, չի կարելի։

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը