Մեկնաբանություն

21.03.2019 16:35


«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

Թեև «թավշյա հեղափոխությունն» ընթանում էր սիրո և հանդուրժողականության, ինչպես նաև ժողովրդավարություն կառուցելու լոզունգների ներքո, այդուհանդերձ, այն բոլշևիկյան ստացվեց: Անհանդուրժողականությունը, «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքը, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելը դարձան խաղի կանոն:

Դե, իսկ տնտեսական քաղաքականությունը եկավ լրացնելու բոլշևիզմի ներդրումը հայաստանյան նոր իրականության մեջ: Մեղավորության կանխավարկածի առաջ քաշումն ու առանց դատական վճիռների գույքի բռնագանձման պատրաստակամությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ բոլշևիզմ:

Հանցավոր ինքնավստահություն

Իր երկարաշունչ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, հղում անելով «ժողովրդի պահանջներին», հայտարարեց, որ բռնագանձումների մասով մարդկանց մոտ կա դժգոհություն, որ ծավալները փոքր են, իսկ տեմպը՝ դանդաղ:

Փաշինյանը նաև փաստացի խոստովանեց, որ իշխանության ներսում կա դիմադրություն, բայց ինքը հաղթահարելու է այդ դիմադրությունը և գնալու է բոլշևիկյան ճանապարհով: Այսինքն, ստացվում է, որ պետությունը դիմադրում է ինքնափլուզմանը, բայց «ժողովրդի վարչապետը» չի ընկրկելու և գնալու է մինչև վերջ:

Ամբոխահաճո այս քաղաքականության հետևանքները դժվար չէ պատկերացնել: Եթե կան ապօրինություն և թալան, ապա դա պետք է ապացուցվի դատարանով, ու դատարանի վճռով էլ բռնագանձումներ լինեն: Այլապես կստացվի այնպես, ինչպես նախորդ դարասկզբում եղավ Ռուսաստանում:

Բոլշևիկները հայտարարում էին, որ հողը տալու են գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին, սակայն իրականում գյուղացուն հանձնեցին հողին, իսկ գործարաններում բանվորների կարգավիճակը ստրկական էր, այլ ոչ թե սեփականատիրական: Դե, իսկ կուլակաթափությունը, որը ներառեց նաև մի քանի խոշոր ու մանր եղջերավոր անասուններ ունեցողներին, հանգեցրեց սովի:

Ամբողջ աշխարհը բոլշևիկյան ժանտախտից խուսափելու համար տնտեսական քաղաքականության մեջ կիրառեց քեյնսականությունը, իսկ քաղաքական դաշտում ուժեղացան սոցիալ-դեմոկրատական հոսանքները, որպեսզի փրկվի մասնավոր սեփականության ինստիտուտը, և հնարավոր լինի հանրային դժգոհությունները հաղթահարել՝ պահպանելով շուկայական տնտեսությունն ու քաղաքական ժողովրդավարությունը:

Ցավալի է, որ նախորդ դարում մերժված շվոնդերական ու շարիկովյան «խլել ու բաժանել» գաղափարները վերակենդանացել են, իբր թե, ժողովրդավարական արժեքներով տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում:

Ամբոխին հաճոյանալու ու ձեռքի հետ տնտեսաքաղաքական համակագը մեկի ձեռքում կենտրոնացնելու այս քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Սա հայկական նեոբոլշևիզմ է:

Եթե ոմանց թվում է, որ գույքն ու փողերն ունևորներից բռնագանձելու են ու բաժանեն աղքատներին, ապա դա պարզ մոլորություն է, նաև՝ անգրագիտություն:

Փաշինյանական կառավարությունը, փոխարենն անելու ամեն բան, որպեսզի կապիտալը Հայաստանից չփախչի, ու ներդրումների ներքին աղբյուրների սուբյեկտները «դուխով» բիզնես զարգացնեն, անում է ամեն բան, որպեսզի այստեղ որևէ լուրջ գումար չմտնի տնտեսական դաշտ: Երբ հայտարարվում է, որ հարուստներից պետք է 70 տոկոսը խլել, ապա դա պարզ շարիկովություն է: Ի դեպ, Շարիկովների ու Շվոնդերների պակաս «Իմ քայլում» չկա:

Եթե մենք լինեինք անվտանգության խնդիրներ չունեցող երկիր, ապա անգամ այդ դեպքում չէր կարելի թույլ տալ նմանատիպ նեոբոլշևիկյան վտանգավոր էքսպերիմենտ: Առավել ևս, չի կարելի այդ քայլերին գնալ պատերազմական վիճակից «5 պակաս» գտնվող Հայաստանում: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է: Մասնավոր սեփականության դեմ իրականացվելիք ոտնձգությունները, հետևաբար, պետք է դադարեցվեն: Կառավարությունը պետք է գործի օրենքի դաշտում ու հրաժարվի մերօրյա Շվոնդեր ու Շարիկով դառնալուց:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը