Կարծիք

24.03.2019 09:51


Իրավաքաղաքական 8 նկատառում՝ Գոլանի բարձունքի շուրջ վերջին զարգացումների մասին

Իրավաքաղաքական 8 նկատառում՝ Գոլանի բարձունքի շուրջ վերջին զարգացումների մասին

1․ ԱՄՆ նախագահի հայտարարությունը իրավական որևէ ուժ չունի: Տարածաշրջանում՝ աշխարհաքաղաքական, իսկ դեռևս պատերազմական Սիրիայի ռազմական քարտեզի վրա՝ արևմտյան՝ հետզհետե նվազող, իսկ ռուս-իրանական՝ հարաճուն հաջողությունների արգելակմանը միտված, դրանց քաղաքական կապիտալացման կանխմանը միտված քայլ է:

2․ Թվիթերյան գրառումն ընդամենը մեդիա-մանիպուլյացիոն միջոց է, զերծ՝ քաղաքական ու ներպետական/ներկուսակցական աջակցության որևէ իմպուլսից: Հարևնման է՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ միջազգային հանրության տեսանկյունից անհեռատես որոշմանը, ինչին, ինչպես վերևում նշեցի, Սպիտակ տան որևէ ղեկավար չի գնացել՝ հաշվարկելով հնարավոր հետևանքները:

3․ Գրառման նպատակը՝ քարոզչական մուլտիպլիկացիոն էֆեկտի միջոցով որոշումների ընդունման բաշարամետ կենտրոնների քաղաքական տրամադրությունների վրա ազդելն է: Հակաիրանյան պատժամիջոցների սաստկացման ֆոնին, Սիրիայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումից հետո հնարավոր առաջացող քաոսը կառավարելի դարձնելու, ինչպես նաև Սիրիայի կառավարող ռազմաքաղաքական էլիտայի, մասնավորապես՝ նախագահ Բաշար Ասադի նկատմամբ ռուս-իրանական՝ հետզհետե ընդգծվող անվստահությանը լրացուցիչ ազդակ հաղորդելու, իրանական ռազմավարական ներկայությունը Սիրիայում մեկ այլ դաշտ ներքաշելու, լիբանանյան Հըզբոլլահ կուսակցության (որի մարտական կառույցը վերջին 6 տարիներին հանդիսանում է սիրիական վարչակարգի փրկօղակը պատերազմական դաշտում) ուժերը ջլատելու:

4․ Հայտարարությունն աննախադեպ է ԱՄՆ նախագահների՝ մերձավորարևելյան ռազմավարությունների համատեքստում: Դեմոկրատ ու հանրապետական ոչ մի նախագահ նման արկածախնդրության չի գնացել՝ արհամարելով միջազգային իրավունքի բոլորն նորմերը, սկզբունքներն ու ՄԱԿ-ի համապատասխան անվտանգային կառույցի բանաձևերը:

5․ Իսրայելը Սիրիայի Գոլանի բարձունքը անեքսիայի է ենթարկել արաբաիսրայելական 3-րդ պատերազմի առաջին իսկ օրերին՝ 1967-ի հունիսի 5-ից: Բազմիցս փրոձել է՝ ռազմավարական այս բարձունքին տալ իրավական կարգավիճակ և միայն 14 տարի անց՝ 1981-ի դեկտեմբերի 14-ին, Քնեսեթի համապատասխան որոշմամբ, ինչը հանդիպել է միջազգային հանրության դատապարտմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևի միջոցով, որը չեղարկում է Քնեսեթի ընդունած որոշումը, ընդգծում, որ Թել Ավիվը միջազգային իրավունքի որևիցե օրենքով, բանաձևով, սկզբունքով, նորմով որևէ իրավասություն չունի իր իշխանությունն ու օրենքները տարածելու գրավյալ բարձունքի վրա, կոչ անում Իսրայելին՝ անմիջապես չեղարկել երկրի խորհրդարանի ընդունած որոշումը:

6․ Իսրայելը պարտավորվել է պահպանել՝ պատերազմական իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանության վերաբերյալ Ժնևի կոնվենցիաների դրույթները (12-ը օգոստոսի 1949 թ.) և դրանք տարածել սիրիական գրավյալ տարածք հանդիսացող Գոլանի բարձունքում ապրող բնակչության վրա:

7․ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի թիվ 207-35 որոշումը (16/12/1980 թ.) սահմանում է, որ միջազգային հանրությունը խստորեն մերժում է Իսրայել պետության որոշումը՝ Երուսաղեմն ու Գոլանի բարձունքը միացնել պետությանը: Ի դեպ, նույնը օրը միջազգային այդ կառույցն ընդունեց մեկ այլ՝ թիվ 147-36 որոշումը, որով խստորեն դատապարտում է Իսրայելի փորձերը՝ երկրի քաղաքացիություն պարտադրել գրավյալ այս տարածքում ապրող սիրիացիներին: Նմանատիպ շուրջ մեկ տասնյակ այլ որոշումներ ընդունել են ՄԱԿ-ի՝ փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցներ:

8․ Պատերազմական Սիրիան՝ ամերիկյան ճնշումների նման ալիքի հանդիպել է բազմիցս: Ամենավերջինը՝ 2006-ի Լիբանան-Իսրայել պատերազմի ժամանակ էր, երբ տարածաշրջանի՝ ամերիկյան քաղաքական ճարտարապետությունը նպատակադրել էր թուլացնել իրանական ազդեցությունը տարածաշրջանում, Իսրայելի հյուսիսային սահմանն ազատել Հըզբոլլահի ուրվականից:

Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը