Կարծիք

25.03.2019 11:50


Լրագրողից՝ վարչապետ

Լրագրողից՝ վարչապետ

Իր կարիերան սկսեց որպես լրագրող, այնուհետև դարձավ նաև կուսակցական ու քաղաքական գործիչ։ Իր գործունեությամբ ատելություն և թշնամանք էր սերմանում, պառակտում մտցնում հասարակության մեջ։

Նյարդային, դյուրագրգիռ, հիշաչար անձնավորություն էր, մշտապես վատ էր հագնվում, բայց իրեն պատկերացնում էր ինտելեկտուալ:

Հայտարարում էր, թե ուզում է ապահովել իր ազգի բարօրությունը։ Այդ գաղափարը քայքայված երկրում ականջ շոյող էր։

Նախաձեռնեց քայլարշավ դեպի մայրաքաղաք, շրջում էր փողոցներով, հավաքներ կազմակերպում հրապարակներում, շրջափակում ռազմավարական օբյեկտները: Երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակն օգտագործելով՝ իր համախոհների հետ տարբեր քաղաքներում կազմակերպված ցույցերի, անհնազանդության գործողությունների և գործադուլների միջոցով դարձավ վարչապետ։

Հայտարարում էր, թե վարելու է սիրո և եղբայրության քաղաքականություն, թե իր նպատակը կարճ ժամանակում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են և նոր ընտրությունների անցկացումը, նաև՝ գործող խորհրդարանի լուծարումը, սակայն մի շարք օրենքների ընդունման արդյունքում շուտով իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում և երկրում հաստատեց դիկտատուրա:

Իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց քաղաքական մրցակիցների հետապնդումները։ Ճնշեց մամուլը, գործող պաշտոնյաներին փոխարինեց իր համախոհներով:

Ապաշնորհ կառավարման և անհեռատես որոշումների արդյունքում երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Նա ձերբակալվեց։

1945 թվականին Բենիտո Մուսսոլինին՝ իր սիրելի Կլարա Պետաչչիի հետ, գնդակահարվեց, նրանց անճանաչելիորեն այլանդակված դիերը ոտքերից կախեցին Միլանի հրապարակում՝ ի ցույց ամբոխի։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը