Քաղաքական

25.03.2019 15:59


Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կլինեն Վիեննայում

Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կլինեն Վիեննայում

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին, «Ազատության» փոխանցմամբ, հաղորդում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնել է՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն:

Տարբեր լրատվամիջոցներ հանդիպումների վայրի և ժամկետների վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ են նշում, սակայն պաշտոնական հայտարարություն կողմերից և միջնորդներից դեռևս չի եղել:

Տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո՝ մարտի 1-ին, իրենց տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպելու համանախագահների հովանու ներքո:

Սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Իսկ մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում:

Այս խորագրի վերջին նյութերը