Քաղաքական

29.03.2019 16:45


Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը տևեց երկու ժամ (տեսանյութ)

Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը տևեց երկու ժամ (տեսանյութ)

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց երկու ժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց կրկին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 14:00-ին: Սկզբում տեղի են ունեցել ընդլայնված կազմով շփումները, ապա երկու երկրների ղեկավարները մնացել են փակ դռների հետևում:

Հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է:

Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք է մեկնել մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ: Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում մարտի 29-ին տեղի կունենա նաև Փաշինյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը