Լրահոս

04.04.2019 11:40


Մի կտուրի տակ. հերքման պահանջ «Ժողովուրդ» օրաթերթից

Մի կտուրի տակ.  հերքման պահանջ «Ժողովուրդ» օրաթերթից

Տասնյակ հազար մարդիկ տուն են կառուցելու՝ «Մի կտուրի տակ»: Այս ծրագիրը Հայաստանում մեկ տարի առաջ սկսվեց և հենց սկզբից բազմաթիվ մարդկանց ներգրավեց:

«Մի կտուրի տակ» բնակարանաշինության ծրագիրը ներդրեց մասնագիտությամբ շինարար Մհեր Դերձյանը: Մեխանիզմը այստեղ նոր է, բայց շատ պարզ: Ստեղծվում են կոոպերատիվներ, որոնց միջոցով մարդիկ կարող են սեփական ուժերով կառուցել իրենց տունը՝ առանց վարկերի ու տոկոսադրույքերի: Ծրագրի արդյունքում Երևանի հարակից շրջաններում՝ խոպան տարածքներում, կառուցվելու են կանաչապատ ավաններ: Իսկ վահանաձև պանելներով կառուցվող ամուր, հրակայուն, ջրակայուն ու սեյսմակայուն տները սովորաբար պատրաստ են լինում շատ կարճ ժամանակահատվածում:

Մի կտուրի տակ միայն տուն չի կառուցվելու: Զուգահեռ նախատեսվում են նաև շինարարական արտադրամասեր ստեղծել: Այսինքն՝ մի ամբողջական համակարգ է մշակված՝ մեր ներքին բոլոր՝ մարդկային, աշխատանքային, նյութական ռեսուրսները օգտագործելու համար:

Այս ծրագիրը շատ քննարկվեց նաև մամուլում: Բնական է. նոր գաղափար է, նոր մշակույթ՝ տուն կառուցել փոխադարձ օգնությամբ, սեփական ուժերով ու միջոցները ստեղծելով:

55949725_342867919919453_344343084491866112_n

Օրեր առաջ մի հոդված հրապարակվեց՝ «Մի կտուրի տակ բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով: Հեղինակը «Ժողովուրդ» օրաթերթն էր. ծրագրի մասին խոսելով՝ անվանում էր ակնհայտ խաբեություն: Հավաստի փաստարկներ ու ապացույցներ, իհարկե, չկային: Մնում էր անձամբ «Մի կտուրի տակ» ՀԿ նախագահ Մհեր Դերձյանից ճշտել: Փախած համարվող տնօրենի հետ հանդիպեցի Հայաստանում՝ ՀԿ-ի գրասենյակում:

«Նախատեսված աշխատանքները բոլոր ուղղություններով առաջ են ընթանում,-պատմեց Մհեր Դերձյանը,-Մենք մեր պարտավորությունները կատարում ենք ամբողջ ծավալներով ու շատ պատասխանատու ենք վերաբերվում մեր գործին: Բացի մեր ներքին իրավական հսկողությունից՝ մեր ամբողջ գործունեությունը նաև պատկան մարմինների ուշադրության ու վերահսկողության կենտրոնում է գտնվում: Ես դրա համար միայն շատ ուրախ եմ, որովհետև դա նախ մեզ համար է երաշխիք, ապա՝ ծրագրի բոլոր մասնակիցների:

Այս ծրագիրն իր տեսակով եզակի է, այն մոբիլիզացնում է մեր ունեցած ռեսուրսները, որպեսզի մարդիկ գնան ինքնակազմակերպման, այն նաև սովորեցնում է աշխատել ու ստեղծել ֆինանսական աղբյուրներ, ոչ թե անընդհատ պահանջել ուրիշից: Ու հիմա մեր խնդիրը արդյունքները ցույց տալն է՝ նպատակների մասին ավելի քիչ խոսելով:

Ես կարող եմ նաև հասկանալ այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են մոտենում ծրագրին, որովհետև քիչ չեն եղել դեպքեր, որ խաբել են կեղծ նախագծերով: Բայց միևնույն ժամանակ ես այս ամենի մեջ տեսնում եմ վատ դրսևորումներ, որ մարդիկ ուզում են վնասել որևէ լավ նախաձեռնություն: Չեմ ուզում մտածել, որ դա մեր ազգային մենթալիտետն է, ես բավական բարձր կարծիք ունեմ մեր ազգի մասին, բայց չարակամները միշտ էլ եղել են մեր դժբախտությունների պատճառը»,-ասաց ծրագրի ղեկավարը:

Կազմակերպությունն արդեն օրաթերթին հերքման պահանջի դիմում է ուղարկել: «Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում պարբերաբար՝ 3 անգամ, «Ժողովուրդ» օրաթերթը իրականությանը չհամապատասխանող, զրպարտող, պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը ոտնահարող նյութեր է տեղադրում մեր գործունեության վերաբերյալ…. Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես գտնվում, և մշտապես գտնվել եմ Հայաստանում, զբաղվում եմ ՀԿ-ի բնականոն գործունեությամբ, մեր ստանձնած պարտավորությունների կատարմամբ: Փախչելու որևէ առիթ, ցանկություն և պատճառ չունեմ, ուստի պահանջում եմ կարճ՝ 24-ժամյա ժամկետում հերքել ձեր հրապարակած լուրը՝ հակառակ դեպքում ստիպված կլինենք դիմել դատարան…»,-նշված է դիմումի մեջ:

«Եթե կարող են, թող ապացուցեն, որ՝ առաջին՝ ես փախել եմ, և երկրորդ՝ ծրագիրը ակնհայտ խաբեություն է: Հակառակ դեպքում թող հերքեն նույնքան հրապարակային, որքան հրապարակային որ հայտարարել են այդ մասին»,-շեշտեց Մհեր Դերձյանը:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը