Քաղաքական

08.04.2019 12:30


«Դատարանը մի քանի օր սպասեց, որ ասեին՝ պետք է կալանավորել». «Սպայկայի» տնօրեն (տեսանյութ)

«Դատարանը մի քանի օր սպասեց, որ ասեին՝ պետք է կալանավորել». «Սպայկայի» տնօրեն (տեսանյութ)

Ինձ չի թվում, որ արդարություն կա, միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորումից րոպեներ անց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Հարցին՝ արդյոք իր համար սպասելի՞ էր դատարանի որոշումը, եւ արդյոք որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Դավիթ Ղազարյանը պատասխանեց.

«Քանի որ քննիչն ի սկզբանե նման կարգի որոշում էր կայացրել, ես սրան սպասում էի, որովհետեւ քննարկում է եղել, քննիչը չէր կարող մենակ նման որոշում կայացնել, ես սպասում էի, որ սենց է լինելու»։

Ղազարյանը հայտարարեց, որ դատարանը ուրբաթ օրը չհրապարակեց որոշումը, քանի որ սպասում էր համապատասխան արձագանքի.

«Երբ ուրբաթ օրը որոշվեց հետաձգել մի քանի օրով, դա ուղղակի պաուզա էր, որ դատարանը արձագանք ստանար, որ, այո, պետք է կալանավորվի»,–ասաց նա։

Տնօրենը նկատեց, որ պետությունն իր հետ հարցերը լուծում է կալանավորման եղանակով։

«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չի, մարդը ասում է՝ եկեք հաշվարկ անենք, եթե պարտք ենք, վճարումն ենք. միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել, սա աբսուրդ է»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:



Այս խորագրի վերջին նյութերը