Կարծիք

09.04.2019 08:37


Պաշտպանվող կողմը չի կարող զոհվել հանուն ոչնչի․ Նիկոլ Փաշինյան

Պաշտպանվող կողմը չի կարող զոհվել հանուն ոչնչի․ Նիկոլ Փաշինյան

Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։

Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք դիմում ենք ոչ թե ադրբեջանի կանանց, այլ դիմում ենք ըստ էության ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին եւ միջնորդություն իրականացնող երկրներին, կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է եւ նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի։ Որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետեւ հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Եւ այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ։ Ադրբեջանցիների կանանց ուղղված խոսքը հետեւյալն է՝ ընդամենը առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը եւ իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբեւէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը եւ չդիմել պատերազմի, որովհետեւ բացի այն որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես։ Եւ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն եւ իրենք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբեւէ չդիմել զենքի ուժին» (մեջբերման ավարտ):

Հիմա, ոմանք փորձ են անում պնդել, թե Աննան ասել է, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Սա պարզ մանիպուլյացիա է, որովհետեւ ասվածի իմաստը ուղիղ հակառակն է եւ ամբողջ միտքը ամփոփվում, գագաթնակետին է հասնում հետեւյալ նախադասության մեջ. «Նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես»:

Այսինքն՝ ասվածի էությունը հետեւյալն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, եւ ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։ Որովհետեւ նրանց այդ գրոհները ղարաբաղյան հակամարտության իրավիճակում ոչինչ չեն փոխում։ «Կրկին ավարտվեց ոչնչով»,- ասում է Աննան։ Կրկին. այսինքն՝ նկատի է առնվում նաեւ «հանուն ոչնչի» ձեռնարկված նախորդ գրոհները, որոնցում Ադրբեջանը զոհել է իր զինվորներին, բայց իրավիճակը ԿՐԿԻՆ չի կարողացել փոխել։ Այսինքն՝ իր զինվորներին զոհել է հանուն ոչնչի։

Իհարկե, ՀՀԿ-ի ազդեցության տակ ընկած ընթերցողը կհարցնի. իսկ ինչու՞ է ասում մենք։ Երկու պատճառով. նախ որովհետեւ զինվորները զոհվում են բոլորիս գործողությունների արդյունքում, այդ թվում մեր ձեռնարկած պաշտպանական գործողությունների, եւ հետո՝ «մենք»-ը հակամարտության բոլոր կողմերն են, նաեւ միջնորդները, որոնք տվյալ ասելիքի համատեքստում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։ Եւ հետո, միավորող նախաձեռնության իմաստն այն է, որ բոլոր կողմերին ընկալում է որպես մեկ ամբողջություն։

Հետեւաբար, վերը նշված ասելիքը որեւէ կերպ չի կարող վերաբերվել հայկական կողմին, որովհետեւ հայկական կողմը որեւէ զինվորի չի զոհաբերում։ Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի, որովհետեւ նրանց զոհվելով իրավիճակում ոչինչ չի փոխվում։

Չեմ կարծում թե այս միտքը շատ բարդ է եւ ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում։ Իհարկե, հասկանում են, պարզապես նրանց էնքան ասելիք չունեն, որ իրենց իշխանության տարիներին անկյուններում պախկված պետավտոտեսուչի պես խոշորացույցն առած օրերով մտածում են, թե ում բառերը ոնց կարող են նենգափոխել։ Ապացույցը՝ Աննայի այդ հարցազրույցը համացանցում է ուղիղ մեկ շաբաթ, բայց աղմուկ բարձրանում է միայն հիմա, որովհետեւ մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը։ Հետո մտածել են՝ ինչքան փող ծախսեն, ինչքա՞ն ֆեյք բացեն, որ նաեւ բազմաթիվ ազնիվ քաղաքացիների վրա կարողանան թյուր տպավորություն թողնել։

Ի դեպ, հազարավոր զոհերի մասին. մեր տեղեկությունների համաձայն ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվը անցել է հազարը։

Եւ ի վերջո, պաշտպանվող կողմը չի կարող զոհվել հանուն ոչնչի, որովհետեւ նա զոհվում է հանուն հայրենիքի անվտանգության, հայրենիքի պաշտպանության։ Այդ հարձակվող կողմն է զոհվում հանուն ոչնչի, երբ չի կարողանում ձեռք բերել ՈՉԻՆՉ։ Ու չի' կարողանալու ձեռքբերել ոչինչ, որովհետեւ մեր սահմանները պահում է հայոց անպարտելի զինվորը։

Հ. Գ. Չնայած խոսքը ուղղված է ադրբեջանցի կանանց, դրան առաջինը արձագանքել են ՀՀԿ կանայք՝ թյուրիմացության մեջ գցելով մեր մի շարք սիրելի մայրերի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը