Մեկնաբանություն

09.04.2019 11:25


Փաշինյանը՝ Սահակաշվիլու հետքերով (տեսանյութ)

Փաշինյանը՝ Սահակաշվիլու հետքերով (տեսանյութ)

Քաղաքական սերիալը շարունակվում է։

Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն։ Ժանրի կանոնների համաձայն՝ նա մի քիչ բարկացավ աշխատողների վրա և ինքնահաստատվեց՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ցուցումներ տալով։

Փաշինյանին հատկապես զայրացրել էին մաքսատան տարածքում առկա «բիչոկները»։ Եվ ընդհանրապես, նա «բիչոկի» նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի։

Դատելով ամենից՝ ՊԵԿ ղեկավարի վրա Փաշինյանը փորձում է «աչոկ» հավաքել ու «բռունցքը սեղանին խփող ղեկավարի ու ջղային ձյաձյայի» կերպարի մեջ մտնել։ Զգացվում է, որ մարդը բազմաթիվ բարդույթներ ունի և ձգտում է դառնալ իր երազած կերպարը։ Սեփական կերպարի թերարժեքության զգացողությունն է նրան դրդում կրկնօրինակել։ Դա Փաշինյանի մոտ ենթագիտակցական մակարդակում է ստացվում։

Փաշինյանի երազած կերպարում մի քիչ Վանո Սիրադեղյան կա, մի քիչ՝ Լևոն Տեր–Պետրոսյան, մի քիչ՝ Սահակաշվիլի։

Այսօր նա Սահակաշվիլի էր փորձում խաղալ, այսինքն՝ օրիգինալ չէր իր «Մաքսատուն» շոուն կազմակերպելիս։

Փաշինյանը մաքսատանը ժամանակաչափով հետևում էր, թե ինչքան է տևելու մաքսային ձևակերպումը։ Նման բան արել է Վրաստանում Սահակաշվիլին, բայց ի տարբերություն Փաշինյանի՝ Սահակաշվիլին նախ բարեփոխումն էր արել, ապա նոր տեսախցիկների ուղեկցությամբ գնացել ստուգման՝ ցույց տալու համար, թե ինչ արդյունք են ապահովել։ Իսկ ահա Փաշինյանը հակառակն է անում ու ոտքի վրա «բարեփոխումներով» զբաղվում։ Ասել է թե՝ Փաշինյանի այցն առավելապես տեսարանային ու սերիալային խնդիր էր լուծում։ Նրա բարեփոխումը «բիչոկից» այն կողմ չի անցնում։

«Ժողովրդի վարչապետն», իհարկե, կուզենա, որ մաքսատանը բարեփոխում լինի, և մարդիկ արագ սպասարկվեն, բայց քանի որ կոմպետենտ չէ ու լավ չի պատկերացնում բարեփոխումների հայեցակարգը և իրականացման մեխանիզմը, ուստի հայ ժողովրդին կմնան միայն շոուն, «բիչոկների» հետևից ընկնելու կադրերը և այն հատվածը, երբ Փաշինյանը մաքսատան աշխատակցից պահանջում էր ձգված կանգնել, երբ վարչապետն է գալիս (Փաշինյանը ձգված կանգնելու պահանջ դնելով ՝ ցույց տվեց իր ֆյուրերիկական հակումները և չկայացածությունը. տե՛ս կից տեսանյութը)։

Փաշինյանը լավ չի պատկերացնում, որ ղեկավարին տեսնելիս զգաստանալը և ձգվելը պետք է բնական լինեն, իսկ երբ դու շոումեն ես ու դեռ մնացել ես փողոցում, երբ դու բառիս բուն իմաստով քանդում ես պետական կառավարման համակարգը և փոխարենն առաջարկում ես դիլետանտների հավաքածու, ապա չինովնիկը երբեք զգաստ չի կանգնելու քո ներկայությամբ, իսկ եթե կանգնի էլ, ապա միայն ձևականորեն։

Նույն Դավիթ Անանյանը շատ լավ զգում է, որ ՊԵԿ–ին «քոթակի տղա» սարքելով՝ Փաշինյանը պոպուլիզմով է զբաղվում, և հետևաբար ինչպե՞ս կարող է հարգել նման վարչապետին։ Պոպուլիզմը արդյունավետ է փողոցում ու հանրահավաքների ժամանակ, բայց ոչ պետական կառավարման համակարգում։

Ի դեպ, Փաշինյանը Սահակաշվիլուն ուզում է նմանակել նաև այլ հարցերում։ Այսպես կոչված անցումային արդարադատության ու մեղավորության կանխավարկածի ներդրմամբ՝ մեզանում կարող են կրկնվել կամ շատ ավելի վատ ձևով դրսևորվել այն խայտառակ երևույթները, որոնք տեղի ունեցան Վրաստանում Սահակաշվիլու ժամանակ։

Վրացական «թավշյա հեղափոխության» առաջնորդի նախագահության շրջանում քաղբանտարկյալ դարձավ առնվազն 200 հազար մարդ։ 36.000 տնտեսվարող սուբյեկտի պետական ռեկետի ենթարկեցին։ Դա էր պատճառը, որ իշխանափոխությունից հետո Սահակաշվիլին փախավ Վրաստանից, իսկ նրա հեղափոխական թիմակիցների մեծ մասն այժմ կոռուպցիոն ու այլ մեղադրանքներով դատապարտված է կամ գտնվում է հետախուզման մեջ։

Եթե Փաշինյանը գնա Սահակաշվիլու ճանապարհով, ապա շատ ավելի վատ կարող է ավարտել իր քաղաքական կարիերան, քան Միխոն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը