Կարծիք

09.04.2019 17:40


Հեղափոխությունը դավաճանված է

Հեղափոխությունը դավաճանված է

90-ից սկսած՝ Հայաստանի քաղաքական դաշտը պարզ տրամաբանությամբ է շարժվել՝ իշխանությունը պահելու համար պետք է վերահսկել տնտեսությունը և կապիտալը։ Եղած կապիտալը պետք է ծառայեցնել սեփական քաղաքական նպատակների համար և թույլ չտալ, որ հնարավոր ազատ կապիտալը ծառայի քաղաքական ընդդիմար կառույցների ստեղծմանը։

Վերահսկել և բաժանել, դա՛ է եղել Հայաստանի իշխանությունների գլխավոր գործելակերպը։

Թավշյա, ոչ բռնի իշխանափոխությունից հետո կարծես թե հույս էր արթնացել, որ տնտեսությունը և քաղաքականությունը միմյանցից կտարանջատվեն, ինչը հիմք կհանդիսանա առողջ և մրցակցական քաղաքական համակարգի ստեղծման համար, որտեղ կմրցակցեն գաղափարները, իսկ ընտրողը կկարողանա ըստ դրանց կատարել իր ընտրությունը։ Սակայն մենք վերադառնում են հին վիճակին։

Ակնհայտ են դառնում այն կասկածները, որ Հայաստանում սկսվում է սեփականության վերաբաշխման գործընթացը։ Հանրության կողմից ոչ լիգիտիմ ճանաչվող սեփականությունը փոխում է իր տերերին, և այդ գործընթացն իրականացվում է ստվերային կերպով, առանց միֆական «անցումային արդարադատության», որը դեռևս չունի որևէ իրավական հիմք։

Հնազանդ կոռուպցիոներների մասին «հեղափոխականները» լռում են, ինչի առնչությամբ կարելի է հետաքրքիր ենթադրություններ անել։

«Հեղափոխության» հիմնական խնդիրները երկուսն էին՝

- տարանջատել բիզնեսը իշխանությունից,
- հանրության կողմից ճանաչել տալ սեփականության անձեռնմխելիությունը։

Առանց այդ երկուսի ոչ միայն տնտեսություն չի կարող զարգանալ, այլև կայուն պետություն չի կարելի կառուցել։

Երկու խնդիրն էլ կուլ գնաց մեկ դերասանի թատրոնին՝ առանց համակարգային փոփոխությունների։

Մենք վերադառնում ենք «Հին Հայաստան», սակայն պոպուլիզմով շաղախված ու առանց խաղի կանոնների։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը