Հարցազրույց

10.04.2019 00:05


«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

«Եթե մենք ունենանք կարգավիճակ, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս»

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ոտքի վրա պատասխանելով լրագրողի հարցին` կարելի՞ է ասել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է այն կետից, որտեղ մի տարի առաջ ընդհատվել էր հայտնի հանգամանքների բերումով, նկատել է. «Ո՛չ, ես այդ կետից չեմ սկսել: Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարևոր է»:

Ո՞րն է այդ «սեփական կետը», ի՞նչ հասկանալ դրա տակ, բանակցային գործընթացը նոր «կետից» սկսելով`ժողվարչապետը մոտեցրե՞լ է խնդրի հանգուցալուծումը, թե՞ հակառակը, նոր խնդիրնե՞ր է ստեղծել բանակցային գործընթացում։

Մենք փորձեցինք այս հարցերի պատասխաններն ստանալ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանից։

-Անկախ նրանից, թե ինչպես կընթանան բանակցությունները՝ ինչ մեկնարկային կետ կընդունվի, ինչը կփոխվի, շատ կարեւոր է պահպանել բանակցային գործընթացի հիմնական առաջնահերթությունները։ Այն է` խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, պետք է վերականգնվի Արցախի հանրապետության մասնակցության լիարժեք ձեւաչափը գործընթացի բոլոր փուլերում, ինչպես մենք բազմիցս ասել ենք։ Եվ վերջինը` չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։ Մնացածը`ինչպե՞ս հասնել Արցախի պետականաշինության, ազգային անվտանգության համար առաջնահերթ այդ խնդիրների լուծմանը, ամեն իշխանություն ինքն է որոշում։

-Ձեր դիրքորոշումը պարզ է, բայց, արդյոք Ձեզ համար տեսանե՞լի է այն «կետը», որից ելնելով` Փաշինյանը պաշտոնական եւ ոչ պաշտոնական բանակցություններ է վարում Ալիեւի հետ։ Ինչո՞ւ է դա կարեւոր`որովհետեւ այսօր շատերն են մտահոգությամբ արձանագրում, որ ՀՀ վարչապետը մինչ օրս որեւէ հոդաբաշխ դիրքորոշում չի հայտնել այդ հարցի վերաբերյալ եւ չի ներկայացրել` ո՞րն է խնդրի կարգավորման իր տեսլականը։

-Կարծում եմ` կարգավորման տեսլականը մեզ համար շատ կարեւոր այդ գաղափարներն են. այն, որ հայտարարվում է` անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձեւաչափը, կարեւորվում է Արցախի անվտանգության խնդիրը, ինչպես նաեւ կարգավիճակը։

-Կարգավորման այն բանաձեւը` տարրերի հերթականությունը, որ ձեւակերպեցին Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այցից հետո` նախ, վերացնել հակամարտության «հետեւանքները»` ապառազմականացնել հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքները, լուծել փախստականների վերադարձի խնդիրները, հետո անցնել կարգավիճակի հարցին, ընդունելի՞ է ձեզ համար։

-Պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ կողմնակից է եղել խնդրի փաթեթային կարգավորմանը։ Այսինքն, բոլոր հարցերը պետք է լուծվեն միանգամից` միասնական փաթեթով, որ հետագայում չլինեն բարդություններ, չլուծված խնդիրներ։ Այդ տեսակետից` որն է առաջինը, որը` երկրորդը, այնքան էլ էական չէ` բոլոր տարրերը, այսպես ասենք` մի տողի վրա են։

-Այո, բայց անգամ այդ դեպքում կարգավորման տարրերը չեն կարող միանգամից կյանքի կոչվել` դրանց իրականացումն, այսպես թե այնպես, փուլային է լինելու։

-Մեր դիրքորոշումը Ձեզ հայտնի է. նախ, Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, հետո արդեն` մնացածը։ Այլ տարբերակ չի կարող լինել`քայլերը պետք է համարժեք լինեն։ Մենք չենք կարող խոստման դիմաց անվտանգության բաղադրամաս թուլացնել։ Խոստման դիմաց խոստում են տալիս, եւ մենք այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել ենք։

-Հայաստանի նախորդ իշխանությունները նույնպես քանիցս բարձրաձայնել են այդ մասին, բայց այս իշխանություններից երբեւէ նման բան չենք լսել։ Հակառակը` լսել ենք, որ իրենց համար թիվ մեկ խնդիր անվտանգությունն է։

-Նայած ինչ նկատի ունենք`անվտանգություն ասելով։ Եթե մենք ունենանք կարգավիճակ`նույնիսկ միջազգայնորեն ճանաչված, բայց ԼՂԻՄ-ի սահմաններում, իհարկե` այդ լուծումը մեզ ձեռք չի տալիս։ Ո՞ւմ է պետք կարգավիճակը, եթե դու չես կարող ապահովել քո անվտանգությունը։ Այդ առումով, անգամ չճանաչված լինելու դեպքում` եթե անվտանգությունն ամենաբարձր մակարդակի վրա է, դա մեզ համար ավելի ընդունելի է, քան` ունենալ կարգավիճակ, բայց անվտանգության թույլ համակարգ։ Այդ առումով կարգավիճակը ինչ-որ տեղ երկրորդական է դառնում`մենք տեսել ենք, ինչպիսի ճակատագրի են արժանանում այն երկրները, որոնք, լինելով ՄԱԿ-ի լիիրավ անդամ, չեն կարողանում ապահովել իրենց անվտանգությունը։

Բարեբախտաբար, Արցախը վաղուց արդեն ձերբազատվել է չճանաչված լինելու բարդույթից։ ճանաչե՞լ են, չե՞ն ճանաչել... մի օր կճանաչեն։ Կարեւորն այն է, որ կարողանանք պաշտպանել մեր` ժողովրդի եւ պետության անվտանգությունը։

-Ձեզ չի՞ մտահոգում, որ Դուշամբեի վերելակային հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում որեւէ խոսք չկա շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ տեղադրելու, մոնիտորինգի միջոցներն ընդլայնելու վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին. լավագույն դեպքում հղում է արվում ոտքի վրա կայացված բանավոր համաձայնությանը։

-Մենք կարծում ենք, որ այդ պայմանավորվածություններն անպայման պետք է կյանքի կոչվեն։ Դրանք այն մեխանիզմներն են, որոնց միջոցով պետք է վերահսկվեն հրադադարի ռեժիմի խախտումները, չարաշահումները`առաջին հերթին, իհարկե, Ադրբեջանի կողմից։ Քանի որ այդ պայմանավորվածություններն ամրագրված են փաստաթղթով, վաղ թե ուշ պետք է վերադարձ լինի այդ հարցերին, եւ պաշտոնական Ստեփանակերտը միշտ բարձրաձայնել եւ բարձրաձայնում է այդ մասին։ Իհարկե`մենք կարեւորում ենք նաեւ երկկողմ հանդիպումները, որովհետեւ, ի վերջո` դրանք թույլ են տալիս նվազեցնել սահմանային միջադեպերը։ Անգամ այն պարագայում, երբ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները` մնում է նույն հայատյաց, նացիզմի գաղափարներով առաջնորդվող երկիրը։

-Բանակցությունների վերջին ռաունդի վերաբերյալ համանախագահների լավատեսական հայտարարությունից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անսպասելի կոշտ ձեւակերպում արեց. «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Ադրբեջանական կողմի արձագանքը չուշացավ` վերջին նորությունն այն է, որ իրենց 18 րոպե է պետք Արցախը գրավելու համար։ Ի՞նչի մասին է խոսում «թավշյա իշխանությունների» ընդգծված խաղաղասիրական կեցվածքի ֆոնին ահագնացող լեզվական այս փոխհրաձգությունը։

-Գիտեք, այս գործընթացները զուգահեռ պետք է տեղի ունենան. բանակցենք, խոսենք, հանդիպենք, փորձենք ամրապնդել խաղաղությունը, բայց տարածաշրջանի կայունության գլխավոր նախապայմանը մեր միասնականությունն է, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը եւ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելը։ Այն, որ հրադադարը հիմնականում պահպանվում է, նշանակում է մեկ բան` մեր բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է։

Ինչ վերաբերում է 18 րոպեում Արցախը գրավելու սպառնալիքներին, նախկինում էլ ասում էին` թեյ ենք խմելու Սեւանի ափին, 15 րոպե, 20 րոպե... Այդպիսի հայտարարություններ շատ ենք լսել եւ դեռ լսելու ենք։ Որպեսզի բանը հայտարարություններից այն կողմ չանցնի, պետք է ամեն ինչ անել, որ մեր բանակը միշտ հզոր լինի, պահպանել ներհայկական միասնությունը եւ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը