Քաղաքական

10.04.2019 10:20


ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին

ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Երևանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարության վերաբերյալ հարցին

Հարց․ Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից հայտարարություններ տարածվեցին օրերս ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների վերաբերյալ։ Ինչպես կմեկնաբանեք դա։

Պատասխան․ Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ, և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։

ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։

Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։

Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Այս խորագրի վերջին նյութերը