Կարծիք

10.04.2019 18:38


Սա մեր պետական–քաղաքական համակարգին ուղղված հերթական մարտահրավերն է

Սա մեր պետական–քաղաքական համակարգին ուղղված հերթական մարտահրավերն է

Ուրուրի վիրավոր թևը բուժելով՝ ստանձնում ես նրա մահաբեր ճանկերի պատասխանատվությունը:
(Արևելյան իմաստունի խոսքը)

Հայաստանի վարչապետը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ինքը իրավասու է ներկայացնել միայն Հայաստանը և չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը, քանի որ վերջինիս՝ բանակցություններում կարող են ներկայացնել այդ Հանրապետւթյան Սահմանադրությամբ ձևավորված իշխանությունները:

Այս իրավաքաղաքական թեզը բանակցային գործընթացի ներկա փուլում հայկական կողմերի համար ունի առանցքային նշանակություն՝ բանակցություններում պետք է ներգրավվեն հավասար լեգիտիմության պետական-իրավական-քաղաքական սուբյեկտայնություն ունեցող երեք կողմեր:

Ուստի պետք է համաձայնվել հայտնի քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջում արված այն պնդմանը, որ այն անձինք, ովքեր հայտարարում են, որ Արցախը Հայաստանի մարզ է, խախտում են Հայաստանի և Արցախի Սահմանադրությունները։ Ավելին, ըստ իս, դա ուրուրի վիրավոր թևը բուժելով՝ ստանձնում էիք նրա մահաբեր ճանկերի պատասխանատվությունը: Գիտակցված և հաշվարկված քայլ է՝ ուղղված Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու կառավարության նախաձեռնությունը վիժեցնելուն:

Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի շուրջ լարված, ես կասեի, պատերազմածին միջավայրը՝ ցանկացած նմանատիպ քաքաղաքական նախաձեռնություն, էլ չեմ խոսում զանգվածային ակցիաների մասին (ավտոշքերթ դեպի Արցախ), պետք է որակել որպես Արցախի և Հայաստանի սահմանադրական կարգի տապալմանը միտված գործողություն և նախաձեռնել դրանից բխող իրավական կանխարգելիչ քայլեր: Ընդ որում դա թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի իշխանությունների սահմանադրական պարտավորությունն է:

Եվ վերջապես կույրին էլ է տեսանելի, որ այդ նախաձեռնությունը պատվեր է դրսից և ոչ մի աղերս չունի ո՛չ հեղափոխության, և ո՛չ էլ հայկական երկու հանրապետություններում հեղափոխական բարեփոխումների հետ: Սա մեր պետական–քաղաքական համակարգին ուղղված հերթական մարտահրավերն է և բոլորը պետք է գիտակցեն այդ վտանգը:

Հ.Գ. Բոլոր այն պատգամավորներին, որոնք անցյալ մայիս-հունիս ամիսներին գլխապատառ, միմյանց հերթ չտալով իրենց երաշխավորություններով նպաստեցին ՊՊԾ գնդի գրավման տեռորիստական ակցիայի մասնակիցների իրավական ռեաբիլիտացիային և ազատ արձակմանը, ուզում եմ հարց ուղղել՝ գիտակցո՞ւմ էիք արդյոք, որ ուրուրի վիրավոր թևը բուժելով՝ ստանձնում էիք նրա մահաբեր ճանկերի պատասխանատվությունը:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը