Լրահոս

17.04.2019 09:04


Մեր տնտեսական անորոշությունը շարունակում է ցեմենտվել

Մեր տնտեսական անորոշությունը շարունակում է ցեմենտվել

Մեր լրատվության մեջ պաշտոնական տնտեսական տեղեկատվությունը հերթական կերպարանափոխությունն է ապրում։ Մի քանի ամիս այն ինքնաբուխ քրեաիրավաթաթախ էր։ Հետո այն մեղմ վերաճեց «հաջողությունների պատմության», ուր անդադար նոր ներդրումների, աշխատատեղերի թռիչքաձև աճի խոստումներ էին։ Դրանցից մեկը վերաբերում էր շինարարության ոլորտին։

Նախկինում, երբ իշխանությունները որևէ ոլորտի նկատմամբ «հատուկ» վերաբերմունք էին ունենում, այն հայտարարում էին գերակա։ Հիմա հայտարարությունները շատ ավելի ազդեցիկ են ու հատու։ Կարճ ասած, մեզ խոստացան շինարարության «աննախադեպ ու թռիչքային աճ»։ Ու երբ անցած շաբաթ տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարարը օրենսդրական նախաձեռնությամբ դիմեց խորհրդարանի համապատասխան հանձնաժողովին, պարզվեց, որ այս ոլորտում ամեն ինչ չէ, որ պարզ է։ Մեղմ ասած։ Նախարարն առաջարկեց Իրանից ներկրվող ցեմենտի մեկ տոննայի դիմաց 22 հազար տուրք գանձել։ Փաստորեն, խոստացած շինարարական բումի դիմաց կառավարությունը փորձում էր թանկացնել հիմնական շինանյութերից մեկը։

Նախորդ շաբաթ հանդգնեցի ենթադրել, որ կառավարության տնտեսական քաղաքականության ոլորտում այս հարցն ինքնատիպ ջրբաժան է դառնալու։ Օրենքի նախագիծը ներկայացնող նախարարն ասաց, որ նախագծի նպատակը տեղական արտադրողին պաշտպանելն է։ Բայց մոդայիկ բառապաշարով ասած՝ նախարարը «թվերը խառնել էր». նա խոսում էր 400 աշխատատեղի մասին։ Բայց հաջորդող օրերին պարզվեց, որ տեղական արտադրողին պաշտպանելու փորձը, մեղմ ասած, կիսատ-պռատ էր (մի կողմ թողնենք այն, որ խորհրդարանը դեռ չի վավերացրել պրոտեկցիոնիզմի անցնելու նոր տնտեսական քաղաքականությունը)։

Մամուլում հիմա հրապարակվում է միայն Արարատի ցեմենտի գործարանի հազար աշխատատեղի կրճատման մասին։ Կարճ ասած, անցած շաբաթ դեռ չհստակեցվեց՝ կառավարությունը հաստա՞տ է տեղական արտադրողին սատարելու իր որոշման մեջ։ Փոխարենը՝ հստակ դարձավ այն, որ տնտեսական տեղեկատվությունն իր բնույթով դառնում է քաղաքական։ Անսպասելիորեն։

Փաստորեն, հիմա տնտեսական գործընթացների արդյունավետությունը գնահատելու համար հարկավոր է նախ հասկանալ դրանց քաղաքական բաղադրիչը։ Հետևաբար, ոչ մի տնտեսական մեկնաբան վստահ չի պնդի, որ «Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխություններ անելու նախագիծն իր հիմքում զուտ տնտեսական բաղադրիչ ուներ։

Խորհրդարանում ու Արարատում կատարվող դեպքերից կարելի է նաև տրամագծորեն հակառակ եզրահանգումներ անել։ Օրինագծի շուրջ քաղաքական գնահատականների կողմնակիցներն առաջարկում են ուշադրություն դարձնել նաև այն փաստի վրա, որ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում նույն գործարարի մյուս ոլորտների բիզնեսի հանդեպ։ Հնարավոր է, որ նման պնդումը ճիշտ է։ Բայց ավելի հավանական է, որ մենք շտապում ենք եզրակացնել, որ կառավարությունը նոր տնտեսական քաղաքականության արդեն հստակեցված ու համակարգված ծրագիր ունի։ Շատ ավելի հավանական է, որ տնտեսության ոլորտի հակասական մոտեցումներն ու քայլերը զուտ անփորձության հետևանք են։ Ի վերջո, մինչև օրենսդրին հասցնելը տնտեսական օրենքների ու դրանց փոփոխությունների նախագծերը պիտի որ մասնագիտական քննարկում անցած լինեին կառավարությունում։ Որովհետև բոլոր երկրների խորհրդարաններում պատգամավորներն իրենց էլեկտորատին հաճոյանալու անթաքույց խնդիր ու նպատակ ունեն։ Թող ներվի ասել՝ հարցի մասնագիտական վերլուծությունը նրանց համար երկրորդական է։

Ինչպես նկատել է ամերիկյան սահմանադրության հայրերից մեկը՝ «Ընտրովի պաշտոնյաները սահմանափակ պատկերացում ունեն տնտեսության մասին, և այդ սահմանափակությունը ժամկետային առումով համընկնում է իրենց ընտրաժամանակի հետ»։

Հուսանք, որ ցեմենտի հետ կապված այս խառնաշփոթի հիմքում միայն այս ազնիվ արատն է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը