Մեկնաբանություն

17.04.2019 17:35


Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Շնորհավորում եմ, այսօր իմքայլականներն իրենց դրսևորեցին որպես իսկական հանրապետականներ։ Նույն ջերմեռանդությամբ փորձում էին համոզել հասարակությանը, թե Սերժ Սարգսյանի հագով կարված սուպերվարչապետական կոստյումն իրականում հեչ էլ լայն չէ, ու ճիշտ և ճիշտ նստած է Փաշինյանի վրա։

Բերում էին նախկինների նույն անհիմն հիմնավորումները, առաջնորդվում էին նույն անտրամաբանական տրամաբանությամբ, կաշվից դուրս էին գալիս՝ հավատացնելու, թե բա՝ սխալ է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելը։

Ու հերթական անգամ ամնեզիայի գիրկն էին կամավոր ընկնում՝ մոռանալով, որ հենց իրենց քայլարած առաջնորդն էր դեռ ընդդիմադիր ու սափրված տարիներին աղաղակում, որ սուպերվարչապետական համակարգը Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում է, ինչը նրա համար վտանգավոր կերպով ապահովում է սուպերվարչապետական լծակներ։

Ու հենց սրանում է քայլարածների ամբողջ դժբախտությունը, որ այսօր համառորեն փորձում են հագնել նախկինում մերժվածի կոստյումը, և չեն էլ ուզում նկատել, որ ինչքան էլ չափեն-ձևեն, միևնույն է՝ չեն կարողանա թաքցնել, որ այն ուրիշի համար էր կարված, ու հեչ որակով չէր: Կոստյումով եկածը կոստյումով էլ կգնա:

Ասում եք՝ չի՞ կարող պատահել։ Ամեն ինչ էլ կարո՛ղ է պատահել։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը