Քաղաքական

22.04.2019 18:26


Երբ ինձ ուղարկում եք Արցախի հարցը լուծելու, ինչու չեք ասում՝ կգնաս և հարցը կլուծես այսպես. Փաշինյան (տեսանյութ)

Երբ ինձ ուղարկում եք Արցախի հարցը լուծելու, ինչու չեք ասում՝ կգնաս և հարցը կլուծես այսպես. Փաշինյան (տեսանյութ)

Պետական համակարգի բոլոր ոլորտներում իներցիա կա եւ մեր ամենակարեւոր խնդիրն այդ իներցիան կանգնեցնելն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Բայց եթե այդ իներցիան գրագետ չկանգնեցվի, ապա մեքենան կարող է շուռ գալ: Դրա համար պետք է այդ իներցիայի հետ որոշ տարածք անցնես»:

Այնուհետեւ Փաշինյանն անդրադարձավ Արցախի խնդրին՝ նշելով, որ երբ մենք հստակ մեզ համար ձեւակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը, մնացած ձեւակերպումները ավելի հեշտ կդառնան:

«Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ ես նոր էի դարձել վարչապետ, շատերը հարցազրույցներ էին տալիս, մեկն ասում էր՝ էսինչն են ծախել, մյուսը՝ էնինչն են ծախել, մեկն ասում էր՝ եթե չեն ծախել, հեսա կծախեն, մեկը գրում էր հենց նոր ծախեցին պրծան: Որեւէ մեկը հարց չի տալիս, որ երբ ես գնում եմ բանակցությունների, ինչի՞ պետք է իմ հետեւից էդպիսի խոսակցություն լինի եւ ինչի կա էդ խոսակցությունը: Որովհետեւ երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու բանակցելու, միանգամից չեք ասում՝ կգնաս եւ Ղարաբաղի հարցը կլուծես այսպես:

Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը:

Այ երբ կպատկերացնենք, թե 50-100 տարի հետո ինչ պետք է լինի Ղարաբաղի հարցը: Մենք պատկերացնում ենք, որ պետք է միջազգային ճանաչումով հարցը լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ պետք է բանակցելիս լինենք: Մենք պետք է իմանանք, թե որ ռազմավարությամբ ենք գնում, որ ձեւակերպենք մեր պատկերացումը 100 հետոյի Հայաստանի մասին»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ինքն իր համար ունի իր պատկերացումը, բայց չի ուզում որ դա լինի իր պատկերացումը. «Դա պետք է լինի հայ ժողովրդի պատկերացումը, քանի որ հարցը լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե վարչապետը կամ մեկ կառավարությունը»:

Փաշինյանը դժգոհեց, որ քաղաքական բանավեճերում միշտ շրջանցվել է Ղարաբաղի թեման, ասել ենք՝ դրա մասին եկեք ընդհանրապես չխոսենք. «Դրա համար ձեւավորվել է այս կասկածի մթնոլորտը: Մենք ասում ենք, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ու դա նշանակում է, որ մեր երեխաները պետք է գնան բանակում ծառայելու: Բայց երբ հարցը գալիս է դրան, ասում են՝ իսկ կլինի՞ իմ երեխան չգնա, հարեւանի երեխան գնա: Երբ մենք ասում ենք, որ պետք է անվտանգության մակարդակը բարձրացնել ու դրա համար պետք են այս-այս բաները, որ դրա համար պետք է բյուջեի եկամուտներն ավելացնել, պետք է ՀԴՄ կտրով խփել, մեզ ասում են՝ իսկ կլինի՞ ես չխփեմ, թող էն մեկը խփի»,-ասաց վարչապետը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը