Կարծիք

03.05.2019 15:15


Մեզանից յուրաքանչյուրը մի քար է աստծո տաճարի պատերի մեջ

Մեզանից յուրաքանչյուրը մի քար է աստծո տաճարի պատերի մեջ

Շատերն ինձ ասում են․ «Քեզ պե՞տք է, որ գրում ու գրում ես սոցցանցերում ու կայքերում, դու քո կյանքով ապրի, քո մասին մտածի, թէ չէ ի՞նչ ազգ, ի՞նչ հայրենիք ... վերջին հաշվով, սուտ բաներ են դրանք բոլորն էլ, եղունգ ունես՝ գլուխդ քորի ու ուրիշների համար էլ մի անհանգստացի, որովհետև այդ նույն ուրիշները թքած ունեն քեզ վրա»:

Հասկանալի է, բայց չէ՞ որ մենք մարդ ենք հենց այն պատճառով, որ մեր սեփական անձի ու ինքնության զգացողության մեջ չեք ներառում բացառապես մեր ֆիզիկական մարմինը, և մեր գոյությունը չենք պայմանավորում այդ մարմինը ապրեցնելու և բազմացնելու գործով միայն, ինչպես դա արվում է կենդանիների մոտ: Անգամ կենդանիների մոտ էլ դա այդքան միանշանակ չէ, քանի որ նրանք նույնպես ապրում են խմբերով ու ընտանիքներով, նրանց մոտ նույնպես կա ներտեսակային համերաշխություն, ու նրանց փոխհարաբերությունների մեջ նույնպես գործում են մեկը մյուսին արտաքին վտանգներից պաշտպանելու մեխանիզմներ, ու այդ ամենը ոչ միայն բնազդային ռեֆլեքսոր գործողություններ են, այլ միգուցե ինչ-որ պրիմիտիվ գիտակցության ու որոշակի զգացմունքների հետևանք նաև: Օրինակ` փղերի մոտ կա «հոգեհանգստի արարողություն», երբ մի փիղ սատկում է, փղերի այդ ընտանիքի անդամները պարտադիր սատկած փղի մարմնի մոտ ինչ-որ բաներ են անում, ու գիտնականները պարզել են, որ այդ նույն բաներն անում են բոլոր փղերը, երբ իրենց ընտանիքի անդամ որևէ փիղ սատկում է, ու այդ գործողությունները չունեն ոչ մի ռացիոնալ նշանակություն, այսինքն՝ դա նշան է այն բանի, որ այդ կենդանիներն ունեն «հոգեհանգստի ծես», ու այդպիսի բաներ հաստատ կլինեն նաև մյուս բարձրակարգ կենդանիների մոտ, հատկապես որոշ կաթնասունների, ու սա գալիս է ապացուցելու, որ անգամ կենդանիների մոտ կան աբստրակտ գիտակցության որոշակի տարրեր, հետևաբար՝ և զգացմունքներ: Իսկ մենք մարդ ենք ու պիտի ունենանք շատ ավելի բարձր գիտակցություն և շատ ավելի խոր զգացմունքներ, պիտի կարողանանք սիրել մեր նմաններին, ապրել մյուսների կյանքով, պիտի ունենանք իդեալներ, արժեքներ՝ հանուն որոնց պատրաստ կլինենք զոհաբերել սեփական մարմնի կոմֆորտ վիճակը, որովհետև մեր մարմնի կոմֆորտը միշտ չէ, որ մեր կոմֆորտն է նաև, որովհետև մեր ինքնությունը միայն մեր մարմնով չի պարփակվում, որովհետև մենք Էություն ենք վերջապես ու հոգի:

Ինչևէ, սոցիոլոգները մի լավ բառակապակցություն են հորինել` սոցիալական պատասխանատվության մակարդակ. որքան ցածր է այդ մակարդակը մարդու մոտ, այսինքն՝ որքան մարդը իրեն պատասխանատու չի զգում սեփական սոցիումի համար, այնքան այդ մարդը հակասոցիալական է: Պատահական չի, որ մորթապաշտ ու եսակենտրոն մարդու համար անհասկանալի է «հայրենասիրություն» ասվածը. նա սեփական եսի վրա է միշտ սևեռված, այդպիսիները հակված են հանցագործությունների, որովհետև թքած ունեն այն ամենի վրա, որը սեփական մաշկի սահմաններից դուրս է: Հիմա մեր երկիրը բռնազավթած ուժերը հենց այդպիսիներին են խրախուսում, իսկ նորմալ մարդկանց հալածում են: Բայց ոչինչ, սա էլ կանցնի. սա նույնպես փորձություն է, որի միջով պատվով պիտի անցնենք ու չայլանդակվենք: Կարևորը՝ չմոռանանք, որ մեկս մյուսով ենք ուժեղ, և որ պետք ենք միմյանց, որ մեր բոլորիս ես-երը ընդամենը մի մեծ մենք-ի բաղադրիչ մասնիկներն են, և որ այդ մենք–ով պիտի ապրենք ու առաջնորդվենք միշտ, ու դա այդպես է, որովհետև եթե այդպես չլիներ, ապա մենք պիտի, օրինակ, ուրախանայինք, որ ժամանակին հայոց ցեղասպանություն է եղել, քանի որ եթե չլիներ ցեղասպանությունը, ապա պատմության ընթացքն այլ կլիներ, ու իրադարձությունները լրիվ այլ կերպ կզարգանային, և մեր տատերն ու պապերը չէին հանդիպի, մեր հայրերն ու մայրերը չէին ծնվի, հետևաբար մենք չէինք լինի: Բայց չնայած դրան՝ մենք տխրում ենք, երբ հիշում ենք ցեղասպանության մասին, մենք դա մեր սեփական ողբերգությունն ենք համարում, ու դա է ճիշտը, որովհետև մենք հասկանում ենք, որ սեփական ես-ից առավել մեր ինքնությունը պայմանավորված է մեր մենք-ով, քանզի հավաքական անգիտակցականի մեջ են եփվում ինքնագիտակցված անհատականությունները, և որքան ընդգծված է մեր անհատականությունն, ու որքան ավելի գիտակից ենք մենք, այնքան ավելի համերաշխ ենք ընդհանուրի հետ, ու այնքան կարեկից ենք նրան, այնքան ավելի պասիոնար ենք, ու այնքան ավելի ենք կրում համամարդկային արժեքները մեր սրտերում (չխառնել կոսմոպոլիտիզմի հետ):

Մի բան լավ պիտի հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը մի քար է աստծո տաճարի պատերի մեջ, մեկը՝ տաշված ու գեղեցիկ, մյուսը՝ անտաշ ու տձև, սակայն ամեն մեկն իր տեղում պիտանի: Ու անխախտ պիտի լինեն քարերն այդ իրենց տեղերում, որպեսզի միշտ ամուր ու կանգուն մնա տաճարն աստծո: Բայց խոնարհված է մեր տաճարը հիմա, ու ամբարիշտ մարդիկ այն գոմ են դարձրել, այնպես որ, լռելու ժամանակը չէ, զանգերը հնչեցնել է հարկավոր՝ հավատով, որ, միևնույնն է, կգա այն ժամանակը, երբ նորից կվերականգնվի տաճարը իր փառքի մեջ, կմաքրվեն նրա պատերը կեղտից ու մամուռից, և նորից խնկարկություն կլինի այնտեղ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը