Աշխարհ

10.05.2019 10:40


Արսենալը հաղթեց Վալենսիային ու կմեկնի Բաքու. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Արսենալը հաղթեց Վալենսիային ու կմեկնի Բաքու. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի այս տարվա խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը:

Լոնդոնի «Արսենալը» կիսաեզրափակիչ պատասխան խաղում մրցեց «Վալենսիայի» հետ: Առաջին խաղում Էմերիի թիմը հաղթել էր 3:1 հաշվով:

«Մեստալիայում» կայացած խաղը շատ գոլառատ ստացվեց: Հաշիվը բացեցին տանտերերը՝ Գամեյրոյի գոլի շնորհիվ:

Հյուրերն առաջին կեսում Օբամեյանգի գոլի օգնությամբ հավասարեցրին հաշիվը:

Երկրորդ կեսում կողմերն ավելի գոլառատ ֆուտբոլ էին պատրաստել: 50-րդ րոպեին «զինագործները» Լակազետի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: 8 րոպե անց Գամեյրոն դուբլ ձևակերպեց՝ խփելով պատասխան գնդակը՝ 2:2:

Լոնդոնյան ակումբը, սակայն, համառ էր ու կարողացավ հաղթանակ կորզել: 69-րդ րոպեին Մեյթլենդ-Նայլսի փոխանցումից հետո Օբամեյանգն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը՝ 2:3, 89-րդ րոպեին էլ գաբոնցին նաև հեթ-տրիկ ձևակերպեց՝ փոխանցում ստանալով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից:

Հավելենք, որ մեր ընտրանու ֆուտբոլիստը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից՝ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին:

Ունայի Էմերիի թիմը դիմակայությունում հաղթում է ընդհանուր 7:3 հաշվով ու դուրս գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսի»-«Այնտրախտ» զույգի հաղթողի հետ: Վճռորոշ հանդիպումը կայանալու է Բաքվի Օլիմպիական մարզադաշտում:

Գոլերը՝ Գամեյրո (11՛, 58) - Լակազետ (50'), Օբամեյանգ (17՛69՛88)

Այս խորագրի վերջին նյութերը