Կարծիք

20.05.2019 11:09


Ինչ  հետևություն պիտի անի Փաշինյանն այլ հեղափոխությունների փորձից.  ֆրանսիական հեղափոխության օրինակը

Ինչ  հետևություն պիտի անի Փաշինյանն այլ հեղափոխությունների փորձից.  ֆրանսիական հեղափոխության օրինակը

Ինչպես հայտնի է, հեղափոխությունները լինում են երկու տեսակի՝ «թավշյա» և «արյունոտ»:

«Թավշյան» կոչվում է այն հեղափոխությունը, երբ նոր իշխանությունները չեն հետապնդում նախկիններին, և նոր էջ են բացում երկրի համար՝ համախմբելով ողջ հանրությանը: Ինչպես որ դա եղավ Պորտուգալիայում 1974-ին՝ գեներալ Սալազարի ռեժիմի անկումից հետո, Իսպանիայում՝ 1975-ին՝ գեներալ Ֆրանկոյի մահից հետո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հետկոմունիստական Արևելյան Եվրոպայի երկրներում, Բալթյան երկրներում, 1990-ին՝ Հայաստանում, և այլուր:

«Արյունոտ» հեղափոխությունները տարբերվում են նրանով, որ նոր իշխանությունների գլխավոր նպատակն է դառնում նախկինների հետապնդումը: Կապ չունի՝ ինչպես՝ իրավական ձևակերպումներո՞վ, թե՞ հեղափոխական իրավագիտությամբ: Սրանք իրարից տարբերվում են բացառապես ձևով, քանզի ցանկացած, նույնիսկ բռնի գործողություն հիմնավորվում է իրավական ձևակերպմամբ: Այդպիսիներից են համարվում 1789-ի Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը: Նույնիսկ 1937-ի հայնրահայտ «тройка»-ները ֆորմալ տեսանկյունից «անօրինական» չէին գործում:

1789-ի ֆրանսիական հեղափոխության և նրանից բխած քաղաքացիական բախումների արդյունքում սպանվեց ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ 1917-ի ռուսական հեղափոխության արդյունքում զոհերի թիվը հասավ 12 միլիոնի: Ընդ որում, հեղափոխության սկզբում ոչ ոք չէր ուզում, որ այդքան զոհ լիներ, ոչ ռուսները, ոչ էլ ֆրանսիացիները, բայց այդպես ստացվեց հեղափոխականների գործելաոճի պատճառով:

Մեր այս հոդվածում կներկայացնենք, թե ինչու ֆրանսիացիների մոտ այդպես ստացվեց՝ այդ գործընթացները զուգահեռ համեմատելով նաև մեզանում տեղի ունեցող զարգացումների հետ: Իհարկե, այդ համեմատությունները խիստ պայմանական բնույթ կունենան:

1.Հեղափոխություն ֆրանսիական ձևով

Ինչպես հայտնի է, ֆրանսիական հեղափոխությունը, նրա ընթացքը և վերջնարդյունքը պայմանականորեն բաժանվում են երեք փուլի:

Հեղափոխության առաջին փուլում իշխանության եկան հեղափոխական ժիրոնդիստները (1789-1793թթ.), երկրորդ փուլում` յակոբինյանները (1793-1794թ.), իսկ վերջում, երբ ֆրանսիական հանրությունը հոգնեց հեղափոխական տեռորից, իշխանության եկավ թերմիդորը (1794թ.)։ Այդպիսին են եղել դասական տեսանկյունից ֆրանսիական հեղափոխության զարգացման փուլերը:

Փորձենք մանրամասն վերլուծել, թե հեղափոխության որ փուլում ինչ խնդիրներ են լուծվել:

1-ին փուլ, 1789-1793 թվականներ. իշխանության եկան հեղափոխական ժիրոնդիստները

Ժիրոնդիստների գլխավոր կարգախոսն էր՝ «Սեր, հանդուրժողականություն, եղբայրություն, ազատություն և հավասարություն»

Ինչպես հայտնի է, ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց 1789-ին, երբ Բաստիլի գրավումից հետո թագավոր Լյուդովիկոս 16-րդը ստիպված եղավ ճանաչել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի լեգիտիմությունը, որն այն ժամանակ կոչվում էր Գլխավոր նահանգներ, և այն վերափոխվեց և դարձավ Հիմնադիր ժողով: Այն բաղկացած էր հանրության երեք շերտերը ներկայացնող խմբերից՝ հոգևորականներից (այն ժամանակվա, պայմանականորեն ասած, ՀՀԿ-ն էր), արիստոկրատներից (այն ժամանակվա ՀՅԴ-ն էր) և բուրժուազիայից (այն ժամանակվա ԲՀԿ ու ԵԼՔ դաշինքներն էին):

Համաժողովրդական ճնշման արդյունքում ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, որը տևեց մոտ երեք տարի, որտեղ «փողոցի» ներկայացուցիչներն էին բուրժուազիան ներկայացնող ժիրոնդիստների կուսակցությունը՝ Ժան Պիեր Բրիսսոյի գլխավորությամբ (պայմանականորեն՝ նա ֆրանսիացիների Նիկոլ Փաշինյանն էր): Վերջինիս ֆրանսիացիները շատ էին սիրում. կարելի է ասել` նույնիսկ պաշտում էին, որովհետև նա ամենաընչազուրկ մարդկանց հոգսերից էր խոսում և Ռուսսոյի տեսության կողմնակիցն էր: Նա անընդհատ նշում էր, որ թագավորին պետք է հեռացնել՝ հիմնելով հանրապետական կարգեր: Նա Լյուդովիկոսին մահապատժի դատապարտելու կողմնակից չէր, պարզապես նշում էր, որ թագավորին պետք է պատժել, բայց ոչ մահապատժի ենթարկել:

Ըստ նրա՝ դրանից հետո, երբ ռևանշիզմի վտանգը չեզոքանա, պետք է ձևավորել ներառական իշխանական համակարգ, որտեղ ներկայացված կլինեն հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչները, ներառյալ հոգևորականներն ու արիստոկրատները՝ բնականաբար, ժիրոնդիստների գլխավորությամբ (ինչքան նման է Փաշինյանի ու նրա կողմնակիցների ձևակերպումներին): Սակայն իր այս դիրքորոշմամբ նա իրեն թշնամի սարքեց Բուրբոններին, թագավորին, հոգևորականներին և արիստոկրատներին (մեզ մոտ` ՀՀԿ-ականներին, ՀՅԴ-ականներին, ԲՀԿ-ականներին և նույնիսկ «լուսավորներին»): Վերջիններս նրան համարում էին «դուրսպրծուկ», ով, իրենց կարծիքով, հետևողականորեն ոչնչացնում էր ողջ ֆրանսիական պետական համակարգը՝ հօգուտ Ֆրանսիայի թշնամիների: Մեզ մոտ այսօր նույն գնահատականն են տալիս Փաշինյանի քաղաքականությանը:

Այս հակադրության արդյունքում ֆրանսիական քաղաքական դաշտում շատ արագ ուժեղացան ֆրանսիական հասարակության, այսպես կոչված, 4-րդ շերտի կողմնակիցները՝ մոնտանյարները, որոնք ձևավորում էին յակոբինյան ակումբներ (նրանց «Սասնա ծռերը» կամ բոլշևիկները), որոնք ոչ միայն պահանջում էին թագավորի մահապատիժը, այլև ժիրոնդիստներին մեղադրում էին թուլակամության մեջ, իսկ վերջում՝ նաև հակահեղափոխականության:

1792-ին, յակոբինցիների ճնշման տակ, միապետությունը վերացվեց, իսկ Լյուդովիկոսը մահապատժի ենթարկվեց: Սակայն կյանքը հեղափոխական մթնոլորտի պայմաններում չէր լավանում, և ֆրանսիացիների մեծ մասը, ով պաշտում էր ժիրոնդիստ Բրիսսոյին, կտրուկ հիասթափվեց նրանից, բայց և Բուրբոնների վերադարձի դեմ էր: Եվ այս պայմաններում, անսպասելի շատերի համար, «փողոցի» գլխավոր հերոսները դարձան յակոբինցիները:

Հեղափոխության 2-րդ փուլ, 1793-94 թվականներ. յակոբինյան ահաբեկչությունը

Յակոբինյանների իշխանության գալուց հետո նրանց գլխավոր կարգախոսը դարձավ՝ «Պատժե՛լ նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին»:

1793-ին նրանք վերցրին իշխանությունը, հիմնեցին յուրօրինակ, այն ժամանակվա «անցումային արդարադատության» ինստիտուտներ (փաստացի, գլխատումների գործիքներ) և ֆրանսիական «Փաշինյանին» ու նրա կողմնակիցներին մահապատժի ենթարկեցին՝ որպես հեղափոխության դավաճաններ, բնականաբար, մահապատժի ենթարկեցին նաև թագուհուն: Ավելին՝ յակոբինյանների կարծիքով ժիրոնդիստները թաքնված կապեր ունեին թագուհու հետ, և դրա համար նրան, ի տարբերություն թագավորի, մահապատժի չէին ենթարկում:

1793-94 թվականների ընթացքում ահաբեկչության իրականացման արդյունքում սպանվեց ավելի քան 1 միլիոն մարդ: Այն տևեց մեկ տարի, սակայն դրանք Ֆրանսիայի պատմության ամենադժոխային տարիներն էին:

Ի տարբերություն ժիրոնդիստների՝ յակոբինցիները որևէ ստվերային կապեր չունեին նախկին իշխանությունների հետ, ազնիվ էին և անկաշառ. Ռոբեսպիերի մականունը, օրինակ, Անկաշառ էր:

Սակայն ֆրանսիական հեղափոխությունը բացահայտեց չափազանց գլխավոր թեզ, այն է՝ անկաշառ լինելը երաշխիք չէ երկիրը զարգացնելու համար: Հետագայում դա հաստատեցին Հիտլերն ու Ստալինը: Երկուսն էլ անկաշառ էին ու ազնիվ, մերկանտիլ շահերից հեռու: Սակայն իրենց երկրներին և աշխարհին ամենամեծ դժբախտությունը հասցրեցին:

Ցանկացած հեղափոխություն ունի իր զարգացման փուլերը, սկիզբն ու վերջը: Բացի այդ, 100–տոկոսանոց ապացուցված փաստ է այն, որ ո՛չ ժիրոնդիստները, ո՛չ հատկապես յակոբինյանները երկրի զարգացում չեն ապահովում:

Բացառություն չէր նաև ֆրանսիական հեղափոխությունը: Յակոբինյանների ընդամենը մեկ տարվա կառավարումը (1793-94 թվականներին) ցույց տվեց դա ամբողջովին: Նույնիսկ Փարիզի հեղափոխական «փողոցը» 1794-ին հասկացավ, որ նախկիններին պատժելով չի լուծվում ոչ մի խնդիր, փոխարենը՝ ի հայտ են գալիս նոր խնդիրներ: Ահա թե ինչու ոչ մի սոցիալական խնդիր չկարողանալով լուծել, երկիրը հասցնելով է՛լ ավելի աղետալի վիճակի, քան մինչ 1789-ի Լյուդովիկոսի ժամանակ էր՝ յակոբինյանները կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում, կորցրեցին իրենց իշխանությունը ու նաև գլխատվեցին:

Հեղափոխության 3-րդ փուլ, թերմիդոր. գլխավոր կարգախոսն էր՝ «Փրկե՛նք ֆրանսիական հեղափոխությունն այն իրականացրած հեղափոխականներից»

Ֆրանսիայում թերմիդորը սկիզբ առավ 1794-ին և ավարտվեց 1799-ին: Այս փուլում քաղաքական դաշտից հեռացվեցին բոլոր հեղափոխականները (մի մասին մահապատժի ենթարկեցին, մյուսներին բանտարկեցին):

Այս փուլը կոչվում է նաև նախահեղափոխական ժամանակաշրջանի հանդեպ «կարոտախտային» փուլ: Հենց թերմիդորի ընթացքում Ֆրանսիայում դրվեցին նոր հեղափոխական հիմունքների վրա լուրջ պետական շինարարության խնդիրները: Թերմիդորը հեռացրեց հեղափոխականներին, բայց և հետ չվերադարձրեց Բուրբոններին: Թերմիդորն ինտեգրեց ժիրոնդիստների և Բուրբոնների լավագույն կողմերը՝ մերժելով նրանց բացասականը:

Հետագայում՝ 20–րդ դարի վերջում, երբ կյանքի կոչվեցին «թավշյա» բնույթի հեղափոխությունները, յակոբինյան փուլը մերժվեց բոլորի կողմից՝ հաշվի առնելով պատմական ֆրանսիական հեղափոխության դասերը:

  1. Հեղափոխություն «թավշյա» տարբերակով

«Թավշյա» հեղափոխությունների ընթացքում գործում է երկու փուլ՝ «ժիրոնդիստների» և «թերմիդորի»:

Օրինակ՝ հետկոմունիստական երկրներում ժիրոնդիստների դերը կատարում էին ազգային դեմոկրատական շարժումները («Սոլիդարնոստը» Լեհաստանում, «Սայուդիսը» Լիտվայում, դեմոկրատական շարժումը՝ Ռուսաստանում, «Ղարաբաղ» կոմիտեն ու ՀՀՇ-ն՝ Հայաստանում, և այլն), իսկ «թերմիդորի» դերում գործում էին նախկին կոմունիստական ուժերը կամ հետհեղափոխական գործիչները՝ Կվասնևսկին՝ Լեհաստանում, Բրազաուսկասը՝ Լիտվայում, Շևարնաձեն՝ Վրաստանում, Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանում:

Ռուսաստանում թերմիդորի դերը կատարեց Պուտինը, Ուկրաինայում` Կուչման, Բելառուսում` Լուկաշենկոն, Հայաստանում՝ Քոչարյանը:

20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում աշխարհը գիտակցաբար մերժեց հեղափոխությունների, այսպես կոչված, «յակոբինյան» փուլը՝ հասկանալով, թե ինչ ավերածություններ է դա բերում հասարակություններին: Հետագայում մենք առանձին կվերլուծենք 1917-ի ռուսական հեղափոխության ողբերգության փորձը, որի վտանգի մասին, ֆրանսիական դասերը հաշվի առնելով, զգուշացնում էին Դոստոևսկին, Բերդյաևը, Սեմեն Ֆրանկը, Իվան Իլյինը և մյուսները:

Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը

Նախ՝ Փաշինյանը պիտի հիշի, որ եթե չլիներ ֆրանսիացի ժիրոնդիստների մանկական ավանտյուրիզմը, ապա չէր լինի նաև հեղափոխության «յակոբինյան» փուլը, քանզի եթե դու փորձում ես հենվել ամբոխի վրա, ապա վաղ թե ուշ դառնալու ես նրա գերին, իսկ վերջում այդ ամբոխը քեզ փոխելու է ավելի արմատական հեղափոխական հերոսներով, ինչպես որ ֆրանսիացի ամբոխը Բրիսսոյին փոխեց Ռոբեսպիերով, իսկ ռուս ամբոխը Կերենսկուն փոխեց Լենինով ու Տրոցկիով:

Եթե նախկին իշխանությունները բաժանվեն «լավերի» ու «վատերի», ապա արդյունքը լինելու է այնպես, ինչպես ֆրանսիացիների ու ռուսների մոտ: Դա է ցույց տալիս պատմական փորձը:

Կգիտակցի դա Փաշինյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն նշենք, որ հետդարձի ճանապարհը դեռ փակ չէ:

Պետության ղեկավարը չի կարող ունենալ «ատելի» և «ոչ ատելի» գործիչներ, ինչքան էլ որ նախկինում ցավ է ստացել նրանցից:

Հենց այս պատգամն է, որ պետք է հիշի Փաշինյանը: Եթե, իհարկե, դրականով է ուզում մնալ պատմության մեջ:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը