Կարծիք

24.05.2019 17:05


Հերթով ոչնչացվում են դեմոկրատիայի հաստատությունները

Հերթով ոչնչացվում են դեմոկրատիայի հաստատությունները

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ոչնչացնում է ժամանակակից ժողովրդավարության երկու գլխավոր հաստատությունները՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը, որ բերում է նաև դատարանի անկախության, և իշխանության ապակենտրոնացումն ու տեղական ինքնակառավարումը։

Դատական համակարգին հարվածելու մասին խոսվել է « Ժողովրդավարության գերեզմանափորները» գրառման մեջ, որ վարչապետը բավարարված չի դատարանների ենթարկավծաության աստիճանով, և հերիք չի հեռախոսով կարգադրում են դատավորներին իրենց ուզած վճիռը կայացնել, այսուհանդերձ երբեմն լինում են վճիռներ, որոնք նրան չեն բավարարում։ Այդպես նա 2 անգամ ժողովուրդ հանեց դատարանների դեմ, 1֊ին անգամ անցյալ տարվա օգոստոսի 17֊ին՝ Հանրապետության հրապարակում բազմահազարանոց ցույցով, այն բանից հետո երբ Վճռաբեկ դատարանը ազատեց Քոչարյանին։ Ահաբեկչությունը գործեց և դատարանը կրկին կալանավորեց նրան։ Եվ երկրորդ անգամ այն բանից հետո, երբ կրկին Քոչարյանին ազատեցին կալանքից, հերիք չի գործն էլ կասեցրին և ուղարկեցին ՍԴ, նա դատարանների մուտքերը փակելու քշեց իր պատգամավորներին ու փոքրաթիվ ամբոխ, ապա հայտարարեց դատավորներին զտելու մասին։

Այսինքն, Փաշինյանի ենթատեքստն է՝ «Ես ասում եմ՝ մարտի 1֊ը բացահայտված է, դուք ասում եք՝ չի բացահայտված, ես ասում եմ՝ Քոչարյանը մարդ է սպանել, դուք ասում եք՝ չի պարզված, ես ասում եմ՝ Քոչարյանը պետք է բանտ նստի, դուք Սահմանադրություն եք մեջտեղ բերում, քանի՞ գլուխ ունեք»։

Տեղական ինքնակառավարմանն ու ապակենտրոնացմանը հարվածը ուղղվեց Հայաստան երկրի հազվագյուտ ապակենտրոն միավորմանը՝ Արցախին։
Սովետական Միության փլուզումից հետո երբ վերացվեց կոմկուսի հեգեմոն դերի մասին Սահմանադրության 6֊րդ հոդվածը, Շրջանների, քաղաքաների, գյուղերի Խորհուրդները լիարժեք ինքնակառավարում ստացան, սակայն իշխանության եկած ՀՀՇ֊ն չէր հանդուրժում, որ որևէ շրջանում իրեն չենթարկվող կամ մրցակից համայնքի ղեկավարություն ընտրվի, և Ներքին գործերի ավազակախումբը 1992թ. սեպտեմբերի 18-ին սպանեցին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նորընտրի նախագահ, դաշնակցական Հովհաննես Սուքիասյանին։ Իսկ որպեսզի դատարանները գրպանը դնի և տեղական մարմիններին զրկի ինքնուրույնությունից, 1995 թվին պարտադրեց կենտրոնաձիգ կառավարման համակարգով Սահմանադրություն, որով դատավորներին նշանակում էր նախագահը, իսկ ինքնակառավարվող շրջանները վերացան ու փոխարինվեցին Կառավարության ենթակա 11 մարզերի, որոնց ղեկավարները նշանակվում էին Նախագահի նշանակած վարչապետի կողմից, իսկ ընտրովի փոքրիկ համայնաքապետերն ինքնուրույնությունից զուրկ էին, քանի որ Սահմանդրությամբ կառավարությունը ուզած ժամանակ կարող էր յուրաքանչյուրին հեռացնել, նաև շատ քիչ հիմնարկներ են տրված համայնքի տնօրինությանը։ 2005 թվականի Սահմանադրության փոփոխություններով որոշ ապակենտրոնացում մտավ՝ Երևանը մարզի կարգավիճակից վերածվեց ինքնակառավարվող, ընտրովի համայնքի, ապա նաև համայնքապետերին հեռացնելու համար կառավարությունը ստիպված էր դիմել Սահմանադրական դատարան։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հենց այն ժամանակ էլ 1995֊ի միապետական Սահմանադրությունն էր պաշտպանում։ «Հայկական ժամանակ»-ի 2007 թվի հուլիսի 7֊ի խմբագրականում Փաշինյանը համեմատելով 1995թ. Սահմանադրությունը եւ 2005-ի փոփոխությունները՝ նախընտրություն է տալիս առաջինին. «Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը՝ հակասահմանադրություն: Որովհետեւ առաջինը պետության հիմնական օրենք էր, երկրորդը՝ պետականության անկման օրենք: Էս Սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհը ուզում է պետությունից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանությունը կարող է իրականացնել ոչ միայն պետությունը, ոչ միայն կառավարությունը, այլեւ, ասենք` Շենգավիթի Ծըգըլը, ինչին լրիվ համապատասխանում է օրվա իրականությունը»։

Ինչպես երևում է, Փաշինյանի պատկերացումները պետության մասին խիստ ամբողջատիրական են, նա չի պատկերացնում որ ինքնակառավարվող մարմիններն էլ են պետության մաս և կարող են իրականացնել գործադիր իշխանություն:

Ինչպես հայտնի է, բոլոր ժողովրդավարական երկրները ապակենտրոն են, նրանց մարզերը՝ լինի նահանգ, շրջան, հող, պրեֆեկտուրա, ընտրովի մարմիններ են։ Այսինքն, Փաշինյանի ձևակեպմամբ, օրինակ Գերմանիայում Բավարիան կամ Ֆրանսիայում Նորմանդիան ղեկավարում են Ծգըլները։

Հայաստանում կրկին պետք է Սահմանդրություն փոխվի, որ մոտեցվի ապակենտրոն ժողովրդավարական համակարգերին։

Սակայն ճակատագրի բերումով ձևավորվեց մի երկիր երկու պետություն՝ Հայաստանի հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը, որն առանձին Սահմանադրությամբ ինքնակառավարվող մարմին է, հետևաբար երբեմն անկախ որոշումներ է ընդունում, երբեմն հակաճառում Փաշինյանին։

Դեռ անցյալ տարի ԱԺ նախընտրական պայքարի ժամանակ Փաշինյանը հունից դուրս եկավ, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը համարձակվել էր հերքել իր այն նախընտրական PR֊ը, թե տեսեք՝ իր որդին ծառայում է Արցախում, իսկ Արցախի ղեկավարների որդիները Արցախում և ընդհանարապես բանակում չեն ծառայել։ Դավիթ Բաբայանը ասել էր, որ և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանի որդիները ծառայել են Արցախում։ Փաշինյանը սաստեց նախագահ Բակո Սահակյանին. «Պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի` իրենց աշխատանքով զբաղվելու: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ եք` իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների հետ կապված օրումեջ մեկնաբանություններ տա, պատկերացնո՞ւմ եք` դրա հետևանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելինե’րս, ու զբաղվեք ձեր աշխատանքով»:

Ապա պաշտոնից ազատվեց Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ով չհերքեց որ Երևանից ճնշման արդյունքում էր հեռացվել, այն բանի համար, որ նրա մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը պատասխանել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի այն խոսքին, թե իրենց հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։

Հաջորդը, երբ մայիսի 9֊ին Արցախում լրագրողի հարցին, թե վերջին ամիսներին հանգիստ էր սահմանին, բայց Ադրբեջանը վերջին օրերին սկսել է կրակոցները, ինչո՞ւ, Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը ցույց տալով մի քիչ այն կողմ կանգնած վարչապետին ասաց՝ հարցրեք վարչապետին, նա է վերելակային բանակցություններ վարում։ Բալասանյանը բացահայտեց Փաշինյանի հրամցված այն սուտը, թե տեսեք, էսքան տարվա մեջ միայն ինձ է հաջողվել խաղաղության հասնել։

Փաշինյանը Երևան հասնելուն պես ՖԲ֊ում գրեց՝ Արցախը հակահեղափոխական օջախ է, որին հեղափոխությամբ կպատասխանեն։ Բայց նա չէր հանգստանում, իր սուտը փրկելու համար մայիսի 20֊ի ելույթում հայտարարեց, թե Արցախում ուժեր կան, որ իբր ուզում են տարածք հանձնել ու պատասխանատվությունը գցել Հայաստանի կառավարության վրա։

Ենթատեքստը սա է նաև. «Ես էնպես զիլ դեմք եմ, որ էն, ինչ ոչ ոք չի կարողացել անել 30 տարի, ես արեցի, նախորդ ամբողջ բանակցությունները ջրեցի, և «իմ կետից» սկսեցի ու կարողացա Ալիևի հետ լեզու գտնել, ընկերանալ, ու հասնել սահմանին խաղաղության։ Բայց տեսեք, Արցախում խանգարում են խաղաղությանը, նրա պատճառով չի խաղաղվում»։ Ու Արցախի վրա է գցում սահմանին թեժացման մեղքը։ Ուրեմն, իր սուտը փրկելու համար, նա ակամա Ալիևի հետ դաշինքի մեջ է մտնում ընդդեմ Արցախի։

Գումարվեց այս ամենին այն, որ Արցախի երկու նախագահները երաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։
Ահա, թե ինչու հրհանգեց հանձնաժողով ստեղծել 2016 թվի ապրիլյան պատերազմի վերաբերյալ. ճնշելու համար Արցախի իշխանություններին։ Պարզ է, եթե ապրիլյան պատերազմը եղած լիներ Իջևանում, ոչ մի հանձնաժողով էլ չէր ստեղծի։

Ուրեմն, պետական ամբողջ ապարատը բուռը հավաքելուց ու իրեն հնազանդեցնելուց հետո Փաշինյանը ռեպրեսիաներ է սկսելու ժողովրդավարության մյուս հաստատության՝ մամուլի դեմ, որը միակն է մնալու, որ բռնացնելու է Փաշինյանի ստերը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը