Աշխարհ

27.05.2019 10:32


Ցիպրասը հայտարարել է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Ցիպրասը հայտարարել է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կիրակի հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Այս մասին կառավարության ղեկավարը տեղեկացրել է այն բանից հետո, երբ նրա գլխավորած կառավարող Արմատական ձախ ուժերի կոալիցիա (ՍԻՐԻԶԱ) կուսակցությունը մոտ 9 տոկոսով պոպուլյարությամբ զիջել է գլխավոր ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությանը կիրակի կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում։ Միաժամանակ, կիրակի օրը անցկացվել է քաղաքապետերի, նահանգապետերի եւ տեղական ինքնակառավարման ու շրջանային խորհուրդների ընտրությունների առաջին փուլը։ Դրանց երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո ես կխնդրեմ Հունաստանի նախագահին անհապաղ հայտարարել համազգային ընտրություններ»,- ասել է Ցիպրասը։ Ավելի վաղ վարչապետը քանիցս ասել էր, որ կառավարությունը մինչեւ վերջ կաշխատի իր քառամյա մանդատը, եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։

Հունաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, որը հաշվել է երկրում ընտրաթերթիկների 28,06 տոկոսը, «Նոր դեմոկրատիան» ներկա պահին 33,25 տոկոս ձայն է հավաքում եւ Եվրախորհրդարանում կստանա 7 տեղ, կառավարող ՍԻՐԻԶԱ-ն՝ 23,92 տոկոս (6 տեղ)։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը