Մեկնաբանություն

29.05.2019 09:05


Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզի՞ն

Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզի՞ն

Ժամանակին, երբ «հին» կիսահեղափոխական խորհրդարանում, կառավարական հանձնաժողովում ընթացող քննարկումներին զուգահեռ` խորհրդարանական չորս ուժերի ակտիվ մասնակցությամբ քննարկվում էր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը, «Ելք» խմբակցությունը իր համար խիստ «սկզբունքային» մի առաջարկությամբ հանդես եկավ։

Այն է` Ընտրական օրենսգրքում ամրագրել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը չպետք է իրենց «կից» բարեգործական հիմնադրամներ ունենան։ Այսինքն` բարեգործական այս կամ այն հիմնադրամի անվանումը չպետք է ասոցացվի ընտրական գործընթացում անմիջականորեն ներգրավված` ժողովրդի քվեն հայցող որեւէ քաղաքական ուժի հետ, որովհետեւ դա եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի`ենթագիտակցական մակարդակով, կարող է ազդել քաղաքացու ընտրության վրա` կանխորոշել նրա քվեարկությունը։

Հիշեցնենք, որ այդ հիշարժան օրերին «Ելք» խմբակցության «ասողը» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր. ՔՊ-ական պատգամավորներն էին թելադրում դաշինքի քաղաքականությունը, եթե «քաղաքականություն» եզրն այս դեպքում ընդհանրապես կիրառելի է։

Երեւի թե պետք չէ բացատրել, որ բառի բուն իմաստով «հարվածային» այդ առաջարկության թիրախը «Ծառուկյան» դաշինքն էր, անձամբ Գագիկ Ծառուկյանը եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։ Վտանգ կար, որ ոչ թե դեպքից դեպք կամ ընտրությունից ընտրություն, այլ շարունակաբար`քաղաքական զարգացումներից, կոնյունկտուրայից անկախ, կրթամշակութային, սոցիալական եւ բարեգործական այլ ծրագրեր իրականացնող այդ հիմնադրամի շահառուներն արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց նախապատվությունը կտան հենց «ծառուկյանցիներին», եւ պետք էր «սաղմնային վիճակում» չեզոքացնել կամ, ինչպես հիմա ընդունված է աել, խեղդել այդ «սպառնալիքը»։

Թերեւս, նաեւ այդ պատճառով (անհարկի շահարկումների տեղիք չտալու համար), ԲՀԿ-ն հրաժարվեց «Ծառուկյան» լոգոյից եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց իր` «Բարգավաճ Հայաստանի» անունից։

Դե, իսկ նիկոլենք արեցին այն, ինչ կարողանում են, այն, ինչով զբաղված են վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում. մոռացան` ինչ էին ասում եւ ինչ էին ուզում անել կես տարի առաջ, 180 աստիճանով շուռ եկան նախկինում հռչակած «սկզբունքային» դիրքորոշումից, դաշինք կազմեցին մինչ այդ քաղաքական դաշտում որեւէ կերպ չառանձնացած անհայտ մի «կուսակցության» հետ եւ անունը դրեցին «Իմ քայլը» դաշինք։ Ու այդպես «դուխով», շախով-շուխով գնացին արտահերթ ընտրությունների`չվախենալով ասոցացվել դեռեւս հուլիսին Փաշինյանի տիկնոջ հովանու ներքո ստեղծված, ուրիշի լեգիտիմ եւ ոչ լեգիտիմ (գողացված) փողերով բարեգործություն անող «Իմ քայլը» հիմնադրամի հետ։

Իհարկե, գըմփ-գըմփ-հուական էյֆորիկ տրամադրությունների պայմաններում դա որոշիչ չեղավ հպարտ քաղաքացու ընտրության համար, բայց որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք կգա այսօր արդեն վստահության լուրջ ճգնաժամ ապրող իմքայլականներին` կարելի է չկասկածել։

Ինչպես ասում են, շնից մազ պոկելն էլ մի բան է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը