Կարծիք

28.05.2019 16:00


Օտարերկրյա գործակալների գործունեությունը կարգավորող օրենք ընդունելու հրամայականը

Օտարերկրյա գործակալների գործունեությունը կարգավորող օրենք ընդունելու հրամայականը

Շատերին արդարացիորեն զայրացնում է այն հանգամանքը, որ մեր երկրում, այսօրվա դրությամբ, շատ մեծ դերակատարություն ունեն այն անհատներն ու ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են օտար երկրներում ստեղծված հիմնադրամների կողմից: Պատահական չէ, որ մեզանում համատարած անվստահության ու վախի մթնոլորտ կա այդ նույն տխրահռչակ Սորոսի հիմնադրամի հետ համագործակցող ՀԿ-ների նկատմամբ: Եվ դա կոլեկտիվ շիզոֆրենիայի դրսևորում չէ. դա օբյեկտիվորեն հիմնավորված վախ է, քանի որ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ օրինակներով արդեն ապացուցվել է, որ այդ հիմնադրամները, հանդես գալով մարդու իրավունքները պաշտպանելու դիրքերից, իրականում արել են ուղիղ հակառակը ու, գործունեություն ծավալելով այս կամ այն պետության տարածքում, արել են ամեն ինչ, որպեսզի քանդեն այդ պետությունների հիմքերը:

Հենց դա է պատճառը, որ շատ երկրներ սկսել են լրջորեն պայքարել դրանց դեստրուկտիվ քաղաքականության դեմ. որոշ երկրներում ուղղակի արգելում են դրանց, ինչպես, օրինակ, Ավստրիայում կամ Հունգարիայում, իսկ որոշ երկրներում էլ հատուկ օրենսդրության միջոցով կանխարգելում են դրանց գործունեության վտանգավոր հետևանքները. այդպիսիք են. օրինակ. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Այդ, այսպես կոչված, օտարերկրյա գործակալների գործունեությունը կարգավորող օրենքների համաձայն՝ տվյալ ՀԿ-ների ներկայացուցիչները հայտարարվում են օտարերկրյա գործակալներ (իհարկե, ոչ լրտեսի իմաստով, այլ ուղղակի ներկայացուցչի), որոնք օտար հիմնադրամներից գումարներ են ստանում տվյալ երկրում այդ օտարների շահերը առաջ տանելու նպատակով, ու ընդհանրապես կապ չունի, որ իրենք, օրինակ, իրավապաշտպանի կամ էլ, ասենք, բնապահպանի անվան տակ են հանդես գալիս. միևնույնն է, դա գործակալի իրենց կարգավիճակը չի փոխի: Իրենք, ըստ այդ օրենսդրության, պարտավորվում են իրենց գործունեությունը ծավալել բացառապես տվյալ երկրի օրենքների ու սահմանադրության տիրույթում, որի համար պիտի գտնվեն այդ երկրի համապատասխան մարմինների տոտալ հսկողության ներքո, և ամենակարևորը՝ իրենք ոչ մի դեպքում չպիտի հանդգնեն իրենց նույնացնել այդ երկրի քաղաքացիական հասարակության հետ:

Կոնկրետ մեր երկիր համար, կարծում եմ, ավելի ընդունելի է երկրորդ տարբերակը, քանի որ մենք Ավստրիա չենք ու չենք կարողանա ուղղակի արգելել իրենց, բայց գոնե հսկողության տակ պիտի կարողանանք վերցնել, այլապես մեր երկրի անվտանգությունը խստագույնս վտանգված է լինելու:

Իհարկե, դա այս թավշյա իշխանությունների օրոք անհնար է իրականացնել, քանզի դրանք նույն մարդիկ են ըստ էության, սակայն թավիշներից հետո անպայման պիտի արվի դա, ու այդ մարդկանց մեր պետության մեջ իրենց իրական տեղը վերջապես պիտի ցույց տրվի, այլապես ինչի՞ նման է, երբ լարիսամինասյանները, արթուրսաքունցները, դանիելիոաննիսյանները, բարսեղյանները, խուրշուդյանները, ամիրյաններն ու մնացածները իրենց քաղհասարակություն են հռչակում. ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ մեր երկրի քաղհասարակության հետ ընդհանրապես:

Քաղհասարակությունը ես եմ ու իմ նման շատ ու շատ մարդիկ, որ, չսնվելով ոչ մի հիմնադրամից ու այլևայլ աղբյուրներից, ուղղակի մեր քաղաքացիական ակտիվ դիրքորոշումն ենք ունենում մշտապես և իսկապես պայքարում մեր երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների ու մեր պետականության համար:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը