Քաղաքական

29.05.2019 15:20


«Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում Ղարաբաղի իրավիճակին». Լ. Ալավերդյան

«Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում Ղարաբաղի իրավիճակին». Լ. Ալավերդյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքացիներին կոչ անի դադարեցնել սպառնալիքները: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ նման կոչի բացակայությունը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, այդ թվում, կոռուպցիայի դեմ պայքարում, մտահոգություն են առաջացնում:

Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ, ցավոք, Հայաստանի իշխանությունների կողմից վիրավորանքները դադարեցնելու կոչեր չկան:

Նա տարակուսանք հայտնեց Ղարաբաղի ղեկավարության հասցեին Ջիվան Աբրահամյանի սպառնալիքներին ի պատասխան՝ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ:

«Այդ երիտասարդին հարկավոր է պատասխանատվության ենթարկել, քանի որ նա սպանության սպառնալիքներ է հնչեցրել:

Անբավարար է նաեւ բարձրագույն իշպանության ներկայացուցիչների արձագանքը, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մենք չենք տեսնում այդ կոչերի քաղաքական եւ իրավական գնահատականը», - հավելեց առաջին օմբուդսմենը:

Իրավապաշտպանը վստահություն հայտնեց, որ հասարակությունում նման երեւույթների առկայությունը խոսում է վտանգի մասին, որում գտնվում են իշխանությունները՝ հիշեցնելով Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Եժի Նովակովսկու խոսքերն այն մասին, որ հասարակական վստահության պաշարը, կարող է շատ արագ սպառվել:

«Մեծ է գիտակցության բարձր մակարդակով քաղաքացիական հասարակության դերը, որը պետք է արձագանքի այդ գործողություններին, սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանում դրա հետ կապված մինչեւ հիմա խնդիրներ կան:

Անթույլատրելի է իշխանափոխությունից մեկ տարի անց շարունակել փակել փողոցները: Եթե առաջ դա արվում էր անօրիանկան իշխանության նկատմամբ, ապա անհասկանալի է, թե ինչու նման գործելակերպը կիրառվում օրինական, լեգիտիմ իշխանության նկատմամբ», - նկատեց Ալավերդյանը:

Ալավերդյանի խոսքով՝ հասարակական գիտակցության հետ մանիպուլյացիաները եւ մեկ տարի առաջ հնչեցված կարգախոսներից եւ նպատակներից շեղելու փորձը սկսել են հեղափոխությունից անմիջապես հետո:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը եւ ելքերը փակելու հայտնի կոչի մասին՝ Ալավերդյանը դատապարտեց նման երեւույթը՝ նշելով, որ քաղաքացիները, ըստ էության, միայն արձագանքել են իրենց առաջնորդի կոչին՝ վստահելով նրան:

«Սա, ըստ էության, դատական իշխանությունը գործադիր իշխանությանը ենթարկեցնելու փորձ է: Պետք է նաեւ դադարել որոշակի գործողություններ կատարել ԶԼՄ նկատմամբ: Գործողություններ ասելով ես նկատի ունեմ նաեւ հայտարարություններն այն մասին, որ այս կամ այն լրատվամիջոցը աշխատում է նախկին իշխանությունների փողերով եւ այլն», - ասաց նա:

Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում Ղարաբաղի իրավիճակին, և չի բացառվում, որ նրանք ի սկզբանե ելնում են բարի նպատակներից, բայց գործողություններն առայժմ հանգեցնում են պառակտման։

Առաջին օմբուդսմենը նշել է, որ որոշ ուժեր Հայաստանում կրկնում են Ադրբեջանի քաղաքական լեզուն։

«Գուցե դա տեղի է ունենում ոչ նպատակաուղղված, բայց արտահայտությունները, թե ղարաբաղյան իշխանությունները լեգիտիմ չեն, լիովին համապատասխանում են ադրբեջանական հռետորաբանությանը։ Այդ նույն ուժերը փորձում են հասնել արտահերթ ընտրությունների Ղարաբաղում, քանի որ հասկանում են, որ նորմալ ընտրությունների անցկացման պարագայում իրենք հաղթանակի շանս չունեն»,- պարզաբանել է իրավապաշտպանը։

Նա վստահություն է հայտնել, որ երկու հանրապետությունների հայերի միջեւ հակասություններ չկան, եւ դա լիովին երեւացել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ 2016-ի ապրիլին։

«Բայց Ղարաբաղին միշտ հաջողվել է ապահովել անկախությունն արտաքին ուժերից, այդ թվում՝ Հայաստանից, իր ներքին քաղաքականության առումով։ Լեգիտիմ ընտրությունները, դեմոկրատական գործընթացները Ստեփանակերտում, այդ թվում կոնսենսուսը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, մասնավորապես, բարձր պաշտոններում Վիտալի Բալասանյանի եւ Մասիս Մայիլյանի գտնվելը, վկայում են այն մասին, որ քաղաքական համակարգը Ղարաբաղում ավելի հասուն է, քան Հայաստանում»,- ավելացրել է Լարիսա Ալավերդյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը