Լրահոս

04.06.2019 10:50


Երևանյան բնակարանից գողացել են 30 մլն դրամ արժեքով հնաոճ ժամացույց, հեռուստացույց ու նկարներ. մանրամասներ

Երևանյան բնակարանից գողացել են 30 մլն դրամ արժեքով հնաոճ ժամացույց, հեռուստացույց ու նկարներ. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երեւան քաղաքում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի երկու բնակչի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 27-ին՝ ժամը 20 :50-ի սահմաններում, Երեւան քաղաքի երկու բնակիչներ, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի բնակարաններից մեկը եւ հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 31.015.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, 30.000.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ հնաոճ պատի ժամացույց, նկարներ եւ հեռուստացույց՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք Երեւան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1991թ:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը 2019թ. հունվարի 10-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող սպասարկման սրահ եւ հափշտակել «Սամսունգ Ջ7» մոդելի բջջային հեռախոս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը