Քաղաքական

04.06.2019 20:15


ՀՅԴ-ականները ներկայանում են ոստիկանություն՝ իրենց վրա վերցնելու ծեծի մեղադրանքը (տեսանյութ)

ՀՅԴ-ականները ներկայանում են ոստիկանություն՝ իրենց վրա վերցնելու ծեծի մեղադրանքը (տեսանյութ)

Tert.am-ը հայտնում է, որ բազմաթիվ ՀՅԴ-ականներ այսօր այցելում են ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնում. «Ես եմ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար»:

Ոստիկանության Կենտրոնի բաժնում էր նաև ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում կենտրոնանալ կուսակցականների վրա, որովհետև անցնող 2-3 ժամերի ընթացքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանցից բազմաթիվ հեռախոսազանգեր ու գրություններ է ստացել.

«Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ նման ձևակերպումները տեղ չունեն, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց արածը կուսակցական քայլ չէր, սա քայլ էր, որպեսզի հանրությանը ցույց տան, որ չի կարելի այլևս հանդուրժել այն անթույլատրելի թշնամանքը, ատելության խոսքը, որն այսօր տարածված է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի միջոցով նաև լրատվամիջոցներում, և մի պահ պետք է այս ամենը դադարեցվի:

Հարցին, թե Վարդան Հարությունյանն ի՞նչ առնչություն ունի դրա հետ, Գեղամ Մանուկյանը պատասխանեց հորդորով՝ նրա մի քանի գրառումները կարդալ. «Երբ մի երիտասարդ կարող է գրառում անել, «թուրք» կոչել արցախցուն, Պարգև Սրբազանին վերջին գռեհիկ բառերն ասի, ասում ենք խոսքի ազատություն, բայց հո չենք ասում... Ես առիթ եմ ունեցել իրենց կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին ասել, որ թող ներողություն խնդրի, բազմաթիվ փորձեր են արվել, հիմա չասեմ»:

ՀՅԴ-ական երիտասարդ Արշակ Վարդանյանն էլ ասաց, որ ինքնախոստովանական ցուցմունք տալու է եկել ոստիկանություն, նա հայտնելու է, որ ինքն է ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին:

Մի խումբ դաշնակցականներ են ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենք ներկայանում են ոստիկանություն:

ՀՅԴ-ական երիտասարդներից Գևորգ Ղուկասյանն ասաց, որ ինքը կարող է լինել այդ ապտակի հեղինակներից մեկը.

«Ուզում եմ՝ շեշտադրումը հստակ լինի, մեր երկրում բարոյականության մթնոլորտը պետք է վերականգնվի: Այսինքն՝ չեն կարող մարդիկ հարձակվել թոռնիկի հետ քաղաքում շրջող պապիկի վրա, չեն կարող հայհոյել Արցախյան հերոսամարտի սիմվոլներից մեկը համարվող Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին, չեն կարող հայհոյել ազգային արժեքներն ու նվաստացնել դրան: Վերջապես այս երկրում մարդկանց մի տեսակ կա, որ պետք է հասկանա, որ այդ կերպ շարունակելու դեպքում սա լինելու է շարունակական»:

Ինչ վերաբերում է մեկ բերման ենթարկված անձին ճանաչելուն, ապա ՀՅԴ-ական երիտասարդն ասաց, որ ճանաչում է նրան:

Այս խորագրի վերջին նյութերը