Լրահոս

05.06.2019 19:08


Ջրավազաններում լողալ չի թույլատրվում. մասնագետի հիշեցում-հորդորը ծնողներին

Ջրավազաններում լողալ չի թույլատրվում. մասնագետի հիշեցում-հորդորը ծնողներին

Դեկորատիվ ջրավազաններում, բաց ջրամբարներում լողալը կարող է լինել վտանգավոր: «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հորդորեց ծնողներին երեխաներին թույլ չտալ լողալ ջրավազաններում:

«Ճիշտ է, շոգ է, երեխաները փորձում են զովանալ ջրավազաններում, սակայն դա անթույլատրելի է: Դրանք իրենց կառուցվածքով լողալու համար նպաստավոր չեն: Այնտեղ կարող են անցկացված լինել խողովակներ, կարող են լինել սուր ծակող առարկաներ և լողալու ընթացքում մարդը կվնասվի: Դրանից բացի, նման տեղերում ջուրն անվտանգ չէ, այն կարող է պարունակել տարատեսակ միկրոօրգանիզմներ, որոնք կհանգեցնեն մաշկային, ալերգիկ հիվանդությունների»,-ասաց Նունե Բակունցը: Այսինքն՝ մի քանի րոպե զովանալու համար ռիսկի պետք չէ դիմել:

Անհրաժեշտ է լողալ միայն այն վայրերում, որոնք դրա համար նախատեսված են, քանի որ այնտեղ անվտանգության կանոնները պահպանվում են:

«Իհարկե, դեկորատիվ ջրավազաններում երեխաների հետ կապված դեպքերը քիչ են լինում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է լողալ: Ոչ դրանց հատակը, ոչ կառուցվածքը հարմար չէ, վերջապես դրանք բացօթյա են, ինչ աղբ ասես կարող է լինել մեջ: Չի կարելի երեխաներին թույլ տալ և վերջ. նախորդ տարի չի գրանցվել դեպք, այս տարի կարող է լինել»,-ասաց Նունե Բակունցը:

Այս խորագրի վերջին նյութերը