Մեկնաբանություն

09.06.2019 09:45


«Փաշիզմի» սպասավորը

«Փաշիզմի» սպասավորը

Երբ Արմեն Սարգսյանին նախագահ նշանակեցին, պարզ էր, որ նրա դերակատարումը զրոյական է լինելու։

Բոլորն էլ գիտեին, որ նրա մոտ թղթերով ամեն ինչ կարգին չէ։ Գիտեին, բայց նշանակեցին, քանզի նրանից ոչինչ կախված չէր լինելու։ Համ էլ՝ իրավական խնդիրները նրան մշտապես կպահեին վերահսկողության տակ։

Սարգսյանից պահանջվում էր անիմաստ և անդադար ժպտալ, պարբերաբար բառակույտ ներկայացնել հանրությանն այս կամ այն տոնական կամ ոչ տոնական առիթներով, ինչպես նաև չտեսնել տեսանելին։

Արմեն Սարգսյանին պետք էր պետբյուջեի հաշվին կարգավիճակ, իսկ նրան նշանակողներին պետք էր անգլուխ «պետության գլուխ»։ Շահերը համընկնում էին։

Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, Արմեն Սարգսյանը պահպանեց իր կարգավիճակը, բայց նրա ֆունկցիան մոդիֆիկացիայի ենթարկվեց։ Սարգսյանին վերապահվեց «փաշիզմի» սպասավորը լինելու դերը։ Դերն այդ պահանջում էր անարժանապատվություն և վախկոտություն, ինքնանվաստացում և անպատասխանատվություն։ Սարգսյանը փայլուն կատարում է այդ դերը։

Արմեն Սարգսյանը որոշ առումներով հիշեցնում է Հիտլերի հիստերիկային, ճնշումներին ու ապօրինություններին տեղի տվող նախագահ Հինդերբուրգին։

Երբ մարդը սեփական ձեռքով ՍԴ անդամի թեկնածու է առաջարկում մեկին, ով իրեն համարում է տխմարագույն դեմագոգ և ոչ լեգիտիմ, երբ մարդը տեղի է տալիս տնաբույծ Հիտլերիկին, ապա պարզ է, որ այդ մարդը կիսում է սպասվող զարգացումների ու մեր երկրի անվտանգությանը հասցվելիք հարվածների հետևանքների պատասխանատվությունը։

Վախկոտությունն ու սեփական «ես»–ի բացակայությունը պետության նախագահի պաշտոնը զբաղեցնողի համար արատ է։ Դա նաև քաղաքական հանցագործություն է։

Ծիծաղելին այն է, որ Արմեն Սարգսյանն իրեն «ռետինե խողովակի» տեղ դրած նախաձեռնում է «Մտքերի հայկական գագաթնաժողով»։ Եվ դա այն դեպքում, երբ իր միտքը սկսում և ավարտվում է սեփական կաշվի փրկության ու սեփական գրպանի պարունակության ավելացման մասին ծրագրով։ Ինքը շոումեն է։ Իրեն հետաքրքիր է ձևը, այլ ոչ թե բովանդակությունը։

Արմեն Սարգսյանը քաղաքականապես դատարկություն է, որքան էլ որ փորձի ինքն իրեն ճշգրիտ հաշվարկի տեր մարդու տեղ հրամցնել։

Ինքն այնտեղ է, որտեղ կա մասնավոր շահ։ Երեկ չէ առաջին օրը նա ՀՀ քաղաքացի էր, քանզի պաշտոնյա էր, երեկ՝ Անգլիայի քաղաքացի, քանզի բիզնեսմեն էր, այսօր՝ կրկին ՀՀ քաղաքացի է, քանզի պաշտոնն է այդպես պահանջում։

Դատելով ամենից՝ վաղն Արմեն Սարգսյանը կրկին կմեկնի Անգլիա (հատկապես որ նրա ընտանիքի մի մասը չփոխեց քաղաքացիությունն ու չեկավ Հայաստան ապրելու)՝ մինչև այդ հասցնելով բավարարել Նիկոլ Փաշինյանի բոլոր ցանկությունները և սեփական մասնավոր շահերը։

Սպառնալիք է «փաշիզմը» Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։ Ոչ պակաս սպառնալիք է «փաշիզմի» սպասարկումը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը