Մեկնաբանություն

11.06.2019 09:35


Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Քայլարածները, ավելի ճիշտ՝ դրանց մի մասը, շատ ծանր են տանում Աբովյանում կրած պարտությունը։

Իշխանական թեկնածուին «հաղթեցնելու» համար կիրառվել էին բոլոր հին ու նոր մեթոդները, սակայն ապարդյուն։ Անգամ նիկոլական թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենայի ու տան դռան հրդեհը չօգնեց քայլարածներին։

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունն ու ցույց տալիս, թե, իբր, խնդիր չի տեսնում, բայց իրականությունը լրիվ այլ է։

Փաշինյանի մտքինն ու սրտինը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի լեզվին է։ Վերջինս աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս ու հայտարարում, որ Աբովյանում պարտվել է արժանապատիվ քաղաքացին՝ այդպիսով հակասելով Փաշինյանի ասածներին։ Բայց այդ հակասությունը ձևական բնույթ է կրում։

Իրականում Փաշինյանն էլ է կիսում Ռոմանոսի տեսակետը և նյարդայնանում Կոտայքի մարզպետ աշխատողի պես։ «Ժողովրդի» վարչապետի այդ հոգեվիճակն արտահայտվում է Փաշինյանների ընտանեկան թերթ «Հայկական ժամանակի» էջերում։

Թերթն այդ հարցազրույց–հաշվետվություն–դանոսչիկություն էր տպել Ռոմանոսի մասնակցությամբ։

Ուշագրավն այն է, որ Կոտայքի մարզպետը խոսում է մրցակցի կողմից կիրառված հին ավանդույթների ու քաղաքական հին մշակույթի հաղթանակի մասին, բայց իրականությունն այն է, որ հենց քայլարածներն են հին, ես կասեի՝ հնագույն մշակույթ կիրառել, բայց քանի որ ապաշնորհ են նաև այդ հարցում, ուստի պարտվել են Աբովյանի արժանապատիվ քաղաքացուն, և, այո՛, հաղթել է ժողովրդավարությունը, քանզի թույլ չի տրվել ագրեսիվ փոքրամասնությանը իշխանություն վերցնել։

Ուշագրավ ևս մեկ հանգամանք. «Հայկական ժամանակի» էջերում Ռոմանոսը «գործ է տալիս» սեփական թիմակիցների դեմ։ Նա մասնավորապես նշում է, որ Կոտայքի մարզի բնակիչ Սասուն Միքայելյանը չի աջակցել իրենց թեկնածուին, իսկ մյուսներն էլ աջակցել են այնքանով, որքանով։ Ռոմանոսը, փաստորեն, առաջարկում է նորաձև դարձած «վեթինգ» կիրառել «Իմ քայլի» ներսում, իսկ Փաշինյանն իր թերթով խրախուսում է դա, ինչը ցույց է տալիս, որ Փաշինյանի մոտ թշնամիների փնտրտուքն առնչվում է նաև սեփական թիմին։ Նա կասկածում է բոլորին ու չի վստահում։ Ռոմանոսը մատնեց քայլարածների առաջնորդի այդ հոգեվիճակը։

Այն, որ քայլարածները պառակտված են, և շուտով դա մասշտաբային բնույթ է կրելու, հայտնի էր քաղաքականությամբ ակտիվ զբաղվողներին, բայց ժամանակի ընթացքում այդ ամենը հանրության լայն շրջանակների համար էլ տեսանելի կդառնա։ Աբովյանի ընտրությունները կատալիզատորի ֆունկցիա կատարեցին։

Երբ չկան գաղափար, ծրագիր ու միտք, թիմում սկսում են իրար «ուտել», որպեսզի հնարավորինս մոտ գտնվեն կոռուպցիոն սխեմաներին, այսինքն՝ «վոժդին»։

Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Հատկապես երբ այդ զավակներն ապօրինի են։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը