Կարծիք

12.06.2019 17:01


Անիմաստ մի քանի հոգով դատարանի դռանը խեղկատակություն անելն անհասկանալի է

Անիմաստ մի քանի հոգով դատարանի դռանը խեղկատակություն անելն անհասկանալի է

Այն, որ Քոչարյանն ունի համակիրներ, դա նորմալ է, ու անկախ նրանից՝ մեզ դա դուր է գալիս, թէ ոչ, ովքեր են նրանք, մեծաթիվ են, թե փոքրաթիվ, լավն են, թե վատն են, նրանք կան, ու մենք նրանց տեսնում ենք. նրանք դատարանի մոտ են ու իրացնում են Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը, ու ոչ մեկը չի կարող նրանց այդ իրավունքից զրկել։

Ես նրանց ասելու ոչինչ չունեմ ու նաև նրանց առաջնորդին մինչև դատական գործընթացի ավարտը։
Իմ ասելիքը ընդդեմ Քոչարյանի կազմակերպվող ակցիաների մասնակիցներին է վերաբերում, ներառյալ բոլոր նրանց, ովքեր կողմ են այդ ակցիաներին ու տանը նստած ՖԲ-ով ոգևորում են այս մի խումբ (մահապարտներին)։

Հարգելի՛ քաղաքացիներ, նայում եմ ու ապշում. ինչի՞ համար եք 10 հոգով գնացել դատարանի առաջ ու ի՞նչ եք պահանջում։
Եթե հանրային պահանջ եք ներկայացնում Քոչարյանին ցմահ դատելու համար, ապա 10 հոգին շատ քիչ է, անգամ 100 հոգով եթե լինեք, դարձյալ քիչ է։

Եթե հանրային պահանջ եք ներկայացնում, ապա նախապես գոնե ստորագրահավաք պետք է անեիք, այդ ժամանակ գուցե 10 հոգով մի 500 000 ստորագրությամբ հնարավոր լիներ հանրային պահանջ ձևակերպել ու ներկայացնել դատարան։
Եթե այդ ամենը չկա, ու դուք էդ մի քանի լաչառներով գնացել ու գոռգոռում եք՝ առանց որևէ իրավական փաստ ներկայացնելու, անկապ, անիմաստ ու ծիծաղելի գործի հետ բացարձակ կապ չունեցող մեղադրանքներ եք առաջադրում ու դուք էլ հստակ գիտեք, որ ձեր ասելով չէ. կա դատարան, ու դատարանը զբաղվում է դրանով։

Ու հանկարծ չասեք՝ դատարաններն անարդար են, քանի որ դատարանների դռները փակելու ձեր անիմաստ ջանքերն էլ զուր տեղն անցան, քանի որ «վեթինգ» ասվածը նույնպես մնաց սառույցին, ինչպես անցումային արդարադատությունն ու մնացած կեղծ խոստումները, որ այդպես էլ իրականություն չդարձան։

Ու հիմա ձեր արածը ծիծաղելի է ու անհասկանալի. դուք հայտարարում եք, որ ժողովուրդը դեմ է Քոչարյանին ու պահանջում է ցմահ ազատազրկում, բա ո՞ւր է այդ ժողովուրդը՝ դո՞ւք՝ մի քանի հոգով։

Եթե Քոչարյանն այդքան վատը լիներ, ինչպես որ իրեն ներկայացնում եք, հանցագործ թալանչի, մարդասպան, ապա հիմա պետք է առնվազն բնակչության 80 տոկոսը լիներ դատարանի մոտ ու պահանջեր ցմահ ազատազրկում. ո՞ւր են այդ մարդիկ, այդ հարյուր հազարները, ովքեր ցմահ ազատազրկում են պահանջում։

Կարո՞ղ եք իմ հարցին հիմա պատասխանել, ովքեր կարդում են գրածս, դիմում եմ յուրաքանչյուրիդ։
Դու գտնում ես, որ Քոչարյանը, մարդասպան, հանցագործ թալանչի՞ է, եթե այդպես ես մտածում, ինչո՞ւ դատարանի մոտ չես, ինչո՞ւ ես հույսդ դնում այն դատարանի վրա, որը, ըստ վարչապետի հայտարարության, պետք է վեթինգի ենթարկվի։
Փաստորեն, կասկածում ես, չէ՞։

Եթե այս ամենը չեք գիտակցում, հասկանում ու ոչ մի լուրջ իրավական գործառույթի չեք դիմում, անիմաստ մի քանի հոգով դատարանի դռանը խեղկատակություն անելը ինձ համար անհասկանալի է։

Գուցե ես էլ ոգևորվեի, եթե տեսնեի ամեն անգամ ավելացող բազմություն, բայց հաստատ չեք ավելանում, այլ պակասում եք, ու սրանով վնասը ավելի շատ է, քան օգուտը։
Մտածե՛ք։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը