Քաղաքական

24.06.2019 17:02


«Իշխանությունները դատարանների հարցը լուծելուց հետո արդեն զբաղվելու են լրատվամիջոցներով». մեդիափորձագետ (տեսանյութ)

«Իշխանությունները դատարանների հարցը լուծելուց հետո արդեն զբաղվելու են լրատվամիջոցներով». մեդիափորձագետ (տեսանյութ)

«Հայկական լրատվական դաշտում տոտալ բարդակ է: Մեդիան փոխվում է: Ժամանակին մենք ասում էինք՝ ԶԼՄ-ներ, հիմա դարձել են զանգվածային կոմունիկացիայի միջոցներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Ամբողջ այդ համակարգն այսպես էր աշխատում. կային ինչ-որ հարգված, ընդունված ԶԼՄ-ներ, մարդիկ հավաքում էին հասցեն, մտնում էին, կարդում, կարծիք էին կազմում, հիմա բոլոր հնարավոր միջոցներով տեղեկատվությունն ուղարկում են ընթերցողին: Այն կայքը, որն առաջինը հասցրեց, նա էլ շահող է դառնում: Եվ կայքերից օգտվողների մեծամասնությունն արդեն չի տեսնում, թե որ կայքն է կարդում:

Դա կարող է լինել, ասենք, pupsik.ru կայքը: Ֆեյսբուքում վխտում են տարբեր անուններով կայքեր, որտեղ հիմնականում ապատեղեկատվություն է՝ գումար աշխատելու մոլուցքից դրդված են անում, դնում են վերնագրեր, որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանն ու ստիպում են մարդկանց, ովքեր մեդիագրագիտությունից հեռու են, մտնել և կարդալ: Հայկական Ֆեյսբուքում 2 միլիոն մարդ կա, այդքանն էլ դարձել են փոքրիկ ԶԼՄ, ու ամեն մեկը կարողանում է ինչ-որ տեղեկատվություն տալ կամ տարածել: Այսպես էր նաև հեղափոխությունից առաջ:

Սա վտանգավոր է, քանի որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում՝ Ադրբեջանի, սառը պատերազմի մեջ՝ Թուրքիայի հետ: Տարածաշրջանային խնդիրներ են առաջանում, որոնց պետք է ճիշտ արձագանքել: Մեր լրատվական դաշտն ամբողջությամբ անպատասխանատու է դարձել: Որ հետևում ես, տեսնում ես՝ իշխանականները կամ ընդդիմությունն ինչեր են գրում, ինչ օրակարգեր են ձևավորվում, եթե ռեալ մարդ ես ու ֆեյք չես, քեզ փոքրամասնություն ես զգում, որին պետք է ինչ-որ ձև պաշտպանել»,-հավելեց Տիգրան Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ ամեն անգամ ժողովրդին շեղող սին օրակարգեր են ձևավորվում:

«Համատարած fake news չէ, բայց ով ինչ ուզում՝ գրում է: Լրագրողը որ գրում էր՝ գիտեր ինչի մասին է գրում ու ինչ, կարող է դրա համար պատասխանատվություն կրել, հիմա ամեն ինչ մնացել է լրագրողի խղճին: Եթե նա շարունակում է հարգել իր մասնագիտությունը, լավ է: Իմ կարծիքով՝ դատարանների հարցը լուծելուց հետո արդեն զբաղվելու են ԶԼՄ-ով»,-նշեց մեդիափորձագետը:

«Հիմա բավականին շատ հարցեր լուծվում են ֆեյքային բրիգադների օգնությամբ: Դաշտ է նետվում ինչ-որ թեմա, որը, կարող է, այդքան էլ իշխանահաճո չէ, կամ կարող է պարզաբանումներ պահանջել, իսկ ավելի գրագետ օգտատերերը կարող են նկատել, որ մանիպուլյացիայի կամ ապատեղեկատվության տարր կա, հանրային կարծիքը ճնշելու համար արդեն դաշտ են նետվում ֆեյքային բրիգադները, որոնք իրենց ագրեսիայով, հայհոյախառն գրառումներով՝ լռեցնում են հակառակ կարծիք հայտնողներին, ու երրորդ կողմը, որն ուղղակի օգտվում է տեղեկատվությունից, տպավորություն է նրա համար ստեղծվում, որ այդ հարցի շուրջ հանրությունն ունի հստակ որոշում, պատկերացում, որն իշխանական կողմի պատկերացումն է:

Նման գործընթաց եղել է ՊՊԾ գնդի գրավման, ապրիլյան հեղափոխության ժամանակ: Այնքան ֆեյք են բուծել, որ հիմա անհնար է պատկերացնել, թե մարդուն 500 հոգի լայքողներից քանիսն են իրական օգտատեր: Ֆեյքերը նաև շատ մարդանման են դարձել: Նույնիսկ դաշտում ունենք այնպիսի ֆեյքեր, որոնք շատ ավելի հաջողված են, քան այն մարդիկ, ովքեր կանգնած են նրանց հետևում:

Դաշտն աղավաղված է՝ բազմահազարանոց ֆեյքերի գոյությամբ: Դրանք միայն իշխանական ֆեյքերը չեն, ընդդիմությունն էլ է սովորել այդ ձևերը: Աբովյանի քաղաքապետի ընտրության ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ իշխանության թեկնածուն 90 տոկոսով հաղթել է, իսկ իրականում տեսանք, թե արդյունքն ինչպիսին է:

Այս ֆեյքերով խեղաթյուրումը սկսել է խփել իշխանությանը, որովհետև, եթե ժամանակին Փաշինյանը Սերժ Սարգսյանին էր ասում, որ նա չի կարողանում տիրապետել իրավիճակին ու չի պատկերացնում, թե ինչ է կատարվում, հիմա նույնը կարելի է ասել ներկա իշխանությունների դեպքում, որովհետև եթե ինքն ինչ-որ բան է ասում, ու ֆեյքերը 5-10.000 լայք են ապահովում, դա դեռ չի նշանակում, որ այդքան իրական օգտատեր է այդ կարծիքին համաձայն»,-նկատեց Տիգրան Քոչարյանը:

Մեդիափորձագետի խոսքով՝ պետք է պատժել ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական ֆեյքերին:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը