Աշխարհ

06.07.2019 12:24


3 տարի առաջ այս օրը Մխիթարյանը պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ (լուսանկար, տեսանյութ)

3 տարի առաջ այս օրը Մխիթարյանը պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ (լուսանկար, տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 3 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի հուլիսի 6-ին, Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Երազանքները կատարվում են»,- տեղափոխությունից հետո գրել էր հայ ֆուտբոլիստն ու նշել, որ շատ հպարտ է մանկունիացիներին միանալու առթիվ․

«Շատ հպարտ և ոգևորված եմ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար։ Ակումբ, որն ինձ միշտ դուր է եկել իր հիանալի պատմության և հիասքանչ երկրպագուների համար։Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել նոր մարզչիս և թիմակիցներիս հետ»։

Հայ ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր էր կնքել ՄՅՈւ-ի հետ՝ պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:

Նրա տրանսֆերի համար անգլիական ակումբն ըստ որոշ աղբյուրների ռեկորդային 42 մլն եվրո է վճարել, ինչի շնորհիվ Մխիթարյանը դարձել է հետխորհրդային երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ով 2006 թվականին իտալական «Միլանից» անգլիական «Չելսի» է տեղափոխվել 40 մլն եվրոյի դիմաց։

30-ամյա կիսապաշտպանն, այդուհանդերձ, 2 մրցաշրջան անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»։ Մխիթարյանը ՄՅՈւ-ի կազմում բոլոր մրցաշարերում 63 հանդիպման է մասնակցել և դարձել 13 գոլի հեղինակ, այդ թվում՝ Եվրոպա լիգայի 2017 թվականի՝ Ստոկհոլմում «Այաքսի» հետ կայացած եզրափակչի երկրորդ գոլը (2։0):

Մխիթարյանը մանկունիացիների հետ նվաճել է նաև անգլիական լիգայի՝ 2016/17 մրցաշրջանի Գավաթն ու Անգլիայի Սուպերգավաթը (2016):

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը